Միրզոյանն ու Բարոն 3 փաստաթուղթ են ստորագրել

Միրզոյանն ու Բարոն 3 փաստաթուղթ են ստորագրել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ստորագրել են երեք փաստաթուղթ, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Ստորագրվել է «Մտադրությունների մասին» հռչակագիր, որը նախատեսում է մասնավորապես երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև տարեկան քաղաքական խորհրդակցությունների անցկացում, համագործակցություն ապատեղեկատվության դեմ պայքարում և դիվանագետների վերապատրաստում:

Կողմերը նաև ստորագրել են արձանագրություն, որը վերաբերել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման և գործունեության մասին համաձայնագրում փոփոխություն անելու մասին»։ Այս արձանագրության նպատակը եղել է գործող Համաձայնագրի կիրառման տարածումը «Էքսպերտիզ ֆրանս» գործակալության վրա՝ թույլ տալով վերջինիս գործել Հայաստանի տարածքում՝ ուղղված տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարության և պետական գերատեսչությունների կարողությունների զարգացմանը:

Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի ներկայությամբ «Enterprise Armenia» ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գոհար Գալյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ Business France-ի անունից, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր «Enterprise Armenia» հիմնադրամի և Business France ֆրանսիական ընկերության միջև:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ՀՀ–ում է պաշտոնական այցով, նա կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն» համաժողովին։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ: Երկու երկրների ԱԳ նախարարները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

 Ուշագրավ
---