Բարո․ Մենք դիմադրում ենք «պուտինիզացիային»՝ ուժի միջոցով Եվրոպայում սահմանների վերագծմանը

Բարո․ Մենք դիմադրում ենք «պուտինիզացիային»՝ ուժի միջոցով Եվրոպայում սահմանների վերագծմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Երևանում վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը չափազանց կարևոր քայլ է։

«Շատ կարևոր է, որ «Խաղաղության համաձայնագիրը» ստորագրվի։ Մի քանի շաբաթ առաջ լարվածություններ ի հայտ եկան, մենք զսպվածության կոչ արեցինք, որովհետև խաղաղությանն այսքան մոտ լինելով, իսկապես, ողբերգական կլիներ, որ բռնության պատճառով ևս մեկ անգամ հարցականի տակ դրվեր խաղաղությունը»«–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով ռուս–ուկրաինական հակամարտությանը՝ Բարոն ասել է, որ դիմադրում են «պուտինիզացիային»՝ ուժի միջոցով Եվրոպայում սահմանների վերագծմանը:

«Մենք պատերազմի մեջ չենք ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ռուս ժողովրդի դեմ, սակայն մենք դիմադրում ենք «պուտինիզացիային», այսինքն՝ ուժի միջոցով Եվրոպական մայրցամաքի վրա սահմանների վերագծմանը։ Մենք դրա դեմ դիմադրում ենք, դա դրսևորվում է Ուկրաինայի սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը մեր աջակցությամբ»,-ասել է նա։

Բարոն նաև ասել է, որ Ֆրանսիան շարունակում է մնալ նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և Հայաստանի կողքին։

«Երբ խոսում եմ Ֆրանսիայի մասին, խոսում եմ նաև պատգամավորների մասին, որոնցից յոթն այսօր ինձ հետ են, քանի որ պառլամենտական դիվանագիտությունը նույնպես շատ կարևոր է երկկողմ հարաբերություններում։ Քաղհասարակությունը Ֆրանսիայում նույնպես մոբիլիզացվում է հանուն Հայաստանի։ Ես եկել եմ ևս մեկ անգամ հավաստելու Ֆրանսիայի աջակցությունը, որը նախագահ Մակրոնի ակնկալիքով պետք է լինի կայուն, ամբողջական և անխախտ»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը, հայտնում է Արմենպրեսը։

Նա հավելել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև դժվար բանակցություններին, որոնց արդյունքում արդեն իսկ համաձայնեցվել է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։

«Ցանկանում եմ ընդգծել վարչապետ Փաշինյանի համարձակությունը։ Ժամանակն է համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու։ Այդ մասին են ասում Ֆրանսիան, ԱՄՆ-ն և ամբողջ Եվրոպան՝ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», ասել է Բարոն։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ՀՀ–ում է պաշտոնական այցով, նա կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն» համաժողովին։

 Ուշագրավ
---