Բարոն՝ Փաշինյանին․ Ֆրանսիան պատրաստ է էլ ավելի խորացնել և ընդլայնել հարաբերությունները ՀՀ հետ

Բարոն՝ Փաշինյանին․ Ֆրանսիան պատրաստ է էլ ավելի խորացնել և ընդլայնել հարաբերությունները ՀՀ հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությանը՝ ողջունելով նրանց այցը Հայաստան և շեշտելով, որ երկու պետությունների փոխհարաբերությունները հասել են բարձր մակարդակի։

Ժան-Նոել Բարոն ընդգծել է Ֆրանսիայի անսասան աջակցությունը Հայաստանի զարգացման ու կարողությունների ամրապնդման գործում: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է էլ ավելի խորացնել և ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում:

Միաժամանակ, Ժան-Նոել Բարոն շնորհավորել է ՀՀ վարչապետին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հաջորդ տարի Հայաստանում անցկացնելու առթիվ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առավել էական է այն հանգամանքը, որ երկկողմ համագործակցությունն առանձին ոլորտներում շարունակում է խորանալ և ամրապնդվել։ Նրա խոսքով՝ նման գնահատական են տվել նաև վերջին ժամանակներս Տիրանայում կայացած հանդիպման ժամանակ, երբ նա շփվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Զրուցակիցները քննարկել են ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջին զարգացումների շուրջ: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Բարոն Երևանում իր հայ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ֆրանսիան և Հայաստանը պատրաստ են հարաբերությունները տեղափոխել ռազմավարական գործընկերության մակարդակ, ասել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն արդեն իսկ ռազմավարական բնույթ ունեն՝ հաշվի առնելով առկա բազմապիսի համագործակցությունները։

«Իմ գործընկեր Արարատի հետ մտադիր ենք նախապատրաստելու ռազմավարական գործընկերություն, որը ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում»,- ասել է ֆրանսիացի նախարարը:

 Ուշագրավ
---