Իրանական կողմը պլանավորում է Փեզեշքիանի այցը Երևան

Իրանական կողմը պլանավորում է Փեզեշքիանի այցը Երևան

PanARMENIAN.Net - Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է կազմակերպել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան։ Նա այդ մասին հայտարարել է «Երևանյան երկխոսություն–2025» միջազգային համաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ընթացքում։

Փոխնախարարը ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները զարգանում են բարձր մակարդակով, նշելով նաև, որ երկու երկրների միջև շարունակվում են բարձրագույն մակարդակի դիվանագիտական փոխայցերը։ Նրա խոսքով՝ այս շաբաթ նախատեսվում է, որ ևս հինգ պաշտոնական պատվիրակություններ կայցելեն Հայաստան, հայտնում է Արմենպրեսը։

Նա հիշեցրել է նաև, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անցած շաբաթ այցելել է Իրան։

«Այժմ մենք պլանավորում ենք երկրի ղեկավարի այցը Երևան: Երկու մայրաքաղաքների միջև իրականացվում են քաղաքական խորհրդակցություններ, իսկ ինչ վերաբերում է հարաբերությունների տնտեսական ոլորտին, ապա դրանք գտնվում են շատ բարձր մակարդակի վրա և առաջիկայում, երբ արդեն փոխադրումների զրո տոկոս տոկոսադրույքն իրականացվի, տնտեսական համագործակցությունը թռիչքային աճ կարձանագրի»,-նշել է իրանցի պաշտոնյան։

Նա հավելել է, որ լավ համագործակցություն է ձևավորվել նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։

Փոխարտգործնախարարը նշել է նաև, որ զբոսաշրջության ու մշակույթի բնագավառներում, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև շփումներում անընդհատ դրական դինամիկա է նկատվում։

«Հուսով եմ, որ որոշ խոչընդոտներ հարթելուց հետո՝ հատկապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, մենք բազմաթիվ նախագծեր և ծրագրեր կիրականացնենք, որոնք մինչ այս պահը կյանքի չեն կոչվել»,-շեշտել է Սայիդ Խաթիբզադեն։

Մայիսի 26-ին ՀՀ մայրաքաղաքում մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը։

 Ուշագրավ
---