ԱԺ-ն մերժել է Հայրենականում հաղթանակի 80–ամյակի վերաբերյալ «Պատիվ ունեմի» հայտարարության նախագիծը

ԱԺ-ն մերժել է Հայրենականում հաղթանակի 80–ամյակի վերաբերյալ «Պատիվ ունեմի» հայտարարության նախագիծը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը մերժել է «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով» հայտարարության նախագիծը, որը մայիսի 27-ի նիստում ներկայացրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նախագծի հիմնավորումն այն է, որ այս տարի լրանում է հաղթանակի 80-ամյակը, ու շատ երկրներում այս առիթով տարբեր խորհրդանշական միջոցառումներ են իրականացվում, հայտնում է 1lurer.am-ը։

«Այս նախագիծը ոչ միայն պետք է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դրական եզրակացություն ստանար, այլև լիագումար նիստում քննարկվեր և դրական ձայների արժանանար, քանի որ խոսքը մեծ հաղթանակի և դրանում հայ ժողովրդի ու նրա զավակների զգալի ավանդի, դրա անհերքելի փաստերի մասին է, որոնք ողբերգական թվացող ապագայից վերածվեցին հույսի, լույսի, հաղթանակի ու այս տարածաշրջանում հայերի գոյության պահպանման ու վերելքի»,- ասել է Աբրահամյանը:

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշել է, թե տեքստում արհեստականորեն իրար են կապվում 47 տարվա տարբերությամբ տեղի ունեցող իրադարձություններ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը և Շուշիի ազատագրումը:

Քվեարկության արդյունքում նախագծին կողմ է քվեարկել 27 պատգամավոր, դեմ՝ 54, ձեռնպահ՝ 2, որոշումը չի ընդունվել:

Քվեարկությունից հետո խոսք է վերցրել ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ ներկայացնելով իր դիտարկումները, հայտնում է 1lurer.am-ը։

Պատգամավորն ընդգծել է, որ ֆաշիզմի և նացիզմի դեմ տարած հաղթանակն անուրանալի է և մնում է մարդկության պատմության նշանակալի էջերից մեկը, սակայն, ինքը հարց ունի նախագծի հեղինակներին:

«Sովետական պատմագրությունը Հայրենական մեծ պատերազմ է կոչում Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց 1 տարի 10 ամիս անց սկսված մի պատերազմ, որը ընդհանուր՝ Երկրորդ համաշխարհայինի պատերազմներից մեկն էր, մասնավորապես, Սովետական Միության և Գերմանիայի միջև մղվող:

Սովետական պատմագրությունը դա իր տեսանկյունից անվանում է Հայրենական մեծ պատերազմ:

Ինչպե՞ս եք դուք գնահատում մինչև այդ պատերազմի սկսվելը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո և մինչև այդ պատերազմի սկսվելը, Սովետական Միության և Նացիստական Գերմանիայի միջև համագործակցությունը, մասնավորապես, այդ համագործակցության շրջանակում Սովետական Միության կողմից եվրոպական 6 պետությունների վրա հարձակումը, մասնավորապես՝ Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Ռումինիայի:

Բոլոր այս դեպքերում Սովետական Միությունը իր տեսանկյունից ունեցել է որոշակի հաջողություն, որոշակի տարածքներ է վերցրել Ֆինլանդիայից, ամբողջությամբ օկուպացրել է Էստոնիան, Լատվիան, Լիտվան, այն ժամանակվա Լեհաստանի կեսը, Ռումինիայի մի մեծ հատվածը, որ այսօր Մոլդովայի Հանրապետությունն է:

Ինչպես այդ գործողությունները անվանենք, ինչպես դրանց վերաբերվենք: Ճի՞շտ է արել, սխա՞լ է արել: Ի՞նչ կասեք»,- ասել է Եղոյանը։

Ի պատասխան՝ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշել է, որ նման թեմաներում, որոնք երկար տարիներ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար եղել են հակասական գնահատման առարկա, ինքը նպատակահարմար չի համարում ներգրավվել։

 Ուշագրավ
---