Միրզոյան․ Թուրքիային հետ երկխոսությունն այնքան խնդրահարույց չէ, որքան կարելի է ենթադրել![]() 27 մայիսի 2025 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ եթե հաջողվի բեկումնային զարգացում արձանագրել Թուրքիայի հետ հարաբերություններում, դա էական դրական ազդեցություն կունենա հայ–ադրբեջանական կարգավորման վրա։ Այդ հայտարարությունը նա արել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակում՝ անդրադառնալով հայ–թուրքական ընթացիկ շփումներին։ Նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն այնքան խնդրահարույց չէ, որքան կարելի է ենթադրել, հայտնում է ՍիվիլՆեթը։ «Եվ այժմ մենք հասել ենք այն կետին, որտեղ միակ բանը, որ կանգնած է այսօրվա և վաղվա միջև, երբ կարող են հաստատվել դիվանագիտական հարաբերություններ մեր երկու երկրների միջև, սահմանները վերջապես բացվել, և կապի խնդիրը լուծվել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների և երկխոսության ոչ լիովին ավարտված վիճակն է»,- ասել է Միրզոյանը։ Նրա խոսքով՝ Երևանի նախաձեռնած երկխոսությունն Անկարայի հետ հիմնվել է այն սկզբունքի վրա, որ գործընթացը պետք է ընթանա առանց որևէ նախապայմանների։ Միրզոյանը ընդգծել է նաև, որ Երևանը զգալի ջանքեր է գործադրել թե՛ Բաքվի, թե՛ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությունն առաջ մղելու նպատակով։ Նա նշել է, որ եթե այս փուլում չհաջողվի հասնել շոշափելի ու գործնական արդյունքների, ապա ընթացիկ դրական շարժը կարող է ընդհատվել։ «Կարծում եմ՝ ոչ միայն մեկ, ոչ միայն երկու կամ հինգ տարի կպահանջվի, այլ, գուցե, մի ամբողջ սերնդի փոփոխություն՝ առնվազն մեր դեպքում, մեր տարածաշրջանում, որպեսզի հնարավոր լինի վերականգնել այս երկխոսությունը, այս համագործակցությունը, որի ներուժն իսկապես գոյություն ունի՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ։ Եվ մենք այսօր իսկապես շատ, շատ մոտ ենք այդ հնարավորությանը։ Ուստի, կարծում եմ՝ սա թերևս միակ միտքն է, միակ շեշտադրումը, որտեղ հարկ եմ համարում անհամաձայնություն հայտնել»,- ասել է Միրզոյանը։ Եվրամիության հետ հարաբերություններին անդրադառնալով՝ արտգործնախարարը նշել է, որ Երևանը զգալի ակնկալիքներ ունի այդ ուղղությամբ։ «Մենք կարող ենք ակնկալիքներ ունենալ, բայց միգուցե դա այդպես չէ և դա չէ եվրոպական կողմից պատրաստվածությունը։ Այսպիսով, մենք պետք է հասկանանք, թե որտեղ են մեր տեսլականները համընկնում։ Եվ եթե այդ տեսլականներն իսկապես համընկնում են, ապա անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես պետք է գործել, ինչպես պետք է միասին պլանավորել մեր ընդհանուր ապագան։ Ներկա պահին, կրկին ուզում եմ ընդգծել, որ հայ հասարակության ներսում գոյություն ունեն հսկայական սպասումներ։ Եվ եթե այդ սպասումները չարդարանան՝ լինի դա մեր կառավարության կողմից, թե մեր ԵՄ գործընկերների, ապա մենք կունենանք խորը հիասթափություն։ Ի վերջո, սա մի տարածաշրջան է, որտեղ զգացմունքները՝ պատմականորեն և ավանդաբար, մեծ դեր ունեն։ Եվ եթե այս սպասումները հանգեցնեն ոչ թե դրական արդյունքների, այլ հիասթափության, ապա այդ դեպքում նույնպես կկորցնենք ստեղծված պահը։ Եվ ես դժվարությամբ եմ պատկերացնում՝ երբ կկարողանանք վերսկսել այս գործընթացը»,- եզրափակել է նախարարը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |