Սիմոնյան․ Ո՞նց են հայերն ապրում Վրաստանում, նույն կերպ ադրբեջանցիներն են ապրելու այստեղ

Սիմոնյան․ Ո՞նց են հայերն ապրում Վրաստանում, նույն կերպ ադրբեջանցիներն են ապրելու այստեղ

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան՝ նշելով, թե այս հարցը պետք է դիտարկել նույն տրամաբանությամբ, ինչով Հայաստանը խոսել է Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի մասին։

«Մի զարմացեք, որ ադրբեջանցիները խոսում են Արևմտյան Ադրբեջանի մասին, բա մենք նույնը չէի՞նք անում, 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին խոսակցություններն էլ նույն տրամաբանության մեջ ենք, մենք չե՞նք ասում, որ Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա ապրելու Ադրբեջան։ Ես զարմանում եմ՝ նո՞ր բան եմ ասում»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայում որևէ գնահատական չի տալիս, այլ ներկայացնում է, թե ինչ է կատարվում։

«Մենք հիմա գնահատական չենք տալիս, ասում ենք, թե ինչ է կատարվում։ Այո, Ղարաբաղի բնակչությունը ինչ որ մի օր պետք է վերադառնա և ապրի իրենց տներում, մեր եկեղեցիները, լավ կլինի որ մի օր վերաբացվեն»,-ասել է նա՝ այնուամենայնիվ ընդգծելով, որ 300, 000 ադրբեջանցիների վերադաձի հնարավորություն չի տեսնում։

Սիմոնյանը նշել է, որ նման գործընթացն այսօր պարզապես անիրագործելի է անվտանգության տեսանկյունից։

«Դա անվտանգային առումով անհնարին է, որովհետև ինչպես խաղաղության պայմանագրի մեջ է նշվում՝ ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Երբ կլինի խաղաղության պայմանագիր՝ հայերը կարող են ապրել Բաքվում, մյուսները կարող են վերադառնալ այն գյուղերը, որ ժամանակին ապրել եմ։ Հիմա ո՞նց են հայերն ապրում Վրաստանում, նույն կերպ ադրբեջանցիներն են ապրելու այստեղ, ավելին Խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, բոլոր ձևերով իրար հետ կոմունիկացվելու են ու շփվեն»,–ասել է Ալեն Սիմոնյանը։

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ, անդրադառնալով Բաքվից հնչող խոսույթին, հայտարարել է, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում:

Նա հավելել է, որ դրա քննարկումը Երևանի համար բացառված է, ինչն ըստ վարչապետի՝ իրավաչափ դիրքորոշում է:

 Ուշագրավ
---