Մայր Աթոռ․ Իշխանության ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները

Մայր Աթոռ․ Իշխանության ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի նախագահությամբ տեղի ունեցած «b>Գերագույն հոգևոր խորհրդի, ժողովը, արտահերթ նիստում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված վիրավորական արտահայտություններին, հայտարարե,լ է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։

Նշվում է, որ Հայաստանի վարչապետը պետական այրին «անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը»։

«Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները և սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։ Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու և եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։

Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին և հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։

Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ։

Հայոց Եկեղեցին, գիտակից իր հանձնառություններին, անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական և ազգապահպան առաքելությունը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին և մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքների պաշտպանությանը։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։

Այս նոր փորձության հանդիման հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական, առ հայրենին և Սուրբ Եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները և երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը: Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության և գայթակղության։

Աղոթում ենք առ Փրկիչ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ վնասաբեր երևույթներով չխաթարվի հայրենական կյանքը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ապրի խաղաղության, բարօրության և առաջընթացի մեջ։ Թող Տերը անսասան պահի հայոց պետականությունը և պայծառ՝ Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հավատավոր իր բոլոր զավակներով»,-ասվում է Մայր աթոռի հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։

Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։

 Ուշագրավ
---