Սիմոնյան. Կաթողիկոսը բա ի՞նչ պետք է անի, որ չհեռանա` կարա կուսակցություն բացի, ամուսնանա, երեխաներ ունենա

Սիմոնյան. Կաթողիկոսը բա ի՞նչ պետք է անի, որ չհեռանա` կարա կուսակցություն բացի, ամուսնանա, երեխաներ ունենա

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին այն մասին, թե արդյոք Կաթողիկոսի հեռացումը կարող է լինել նրանց վերջնանպատակը, ասել է, որ, իր կարծիքով, այս խոսակցության ավարտն այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը

«Դրա մասին ՀՀ վարչապետը հստակ ասել է, ես երկրորդում եմ նրա ասածը։ Պետք է պարզ լինի, որ նման բան չկա, այդ դեպքում կարծում եմ՝ խոսակցությունը շարունակելու կարիք չի լինի։ Իսկ եթե նման բան կա... հիմա ես օրենք խախտե՞մ ու մնա՞մ»,–ասել է նա՝ արձագանքելով կաթողիկոսի զավակ ունենալու վերաբերյալ շրջանառվող պնդումներին, հայտնում է Aysor.am-ը։

«Ինքը բա ի՞նչ պետք է անի։ Կարա կուսակցություն բացի, ամուսնանա, երեխաներ ունենա, թոռներին մեծացնի, պատմության մեջ թագավորներ են հեռացել»,-ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։

Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։

Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։

 Ուշագրավ
---