FIP. Փաշինյանի վարկանիշային էվոլյուցիան![]() 6 հունիսի 2025 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերին Հայաստանի ընդդիմադիր դաշտից հատկապես հնչում են հայտարարություններ, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորցրել են իրենց վարկանիշը, ինչի հետևանքով իշխող ուժի ներսում անհանգստություններ են, հայտնում է «Փաստերի ստուգմանը հարթակը» (FIP): Մասնավորապես, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր հայտարարել, թե Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի է հասել։ Նույնական հայտարարություն էր արել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է հարցումներ իրականացրած երկու կազմակերպությունների հետազոտությունները և համադրել դրանց արդյունքները՝ ըստ տարիների և եկել այն եզրակացության, որ «թեև Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի նկատմամբ վստահության մակարդակը ժամանակի ընթացքում նվազել է, սակայն նրանք շարունակում են առաջատար դիրք գրավել սոցհարցումներում»։ Նշվում է, որ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» 2004 թվականից իրականացնում է հարցումներ Հարավային Կովկասի երկրների հասարակական տրամադրությունների վերաբերյալ՝ ներառելով քաղաքական, տնտեսական և մշակութային հարցեր։ 2018 թվականի իրադարձություններից հետո, այս կենտրոնը 2019-ին հարցում է իրականացրել՝ ընդգրկելով 1491 մասնակցի։ Այդ տվյալներով, հարցվածների 35 տոկոսը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նշել է որպես իրեն մոտ կուսակցություն։ Նույն ժամանակ՝ 2019-ին, երբ քաղաքական դաշտը այլ կազմ ուներ, հարցվածների 42 տոկոսը նշել է, թե որևէ քաղաքական ուժ իրեն հոգեհարազատ չէ։ 2021 թվականի հարցմանը մասնակցել է 1648 մարդ, որոնցից 22 տոկոսը կողմ է եղել ՔՊ-ին։ Սա վկայում է 13 տոկոսով նվազման մասին՝ 2019-ի համեմատ։ Նույն տարվա հարցվողների 43 տոկոսը նշել է, թե չկա մի կուսակցություն, որը կհամարեին իրենց մերձավոր։ «Կովկասյան բարոմետր»-ի ամենավերջին՝ 2024 թվականի հարցումը իրականացվել է հուլիսի 27-ից հոկտեմբերի 10-ը՝ ներառելով 1561 անձ։ Ըստ արդյունքների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վստահություն է վայելել հարցվածների 15 տոկոսի մոտ։ Զգալի թիվ՝ 55 տոկոս, նշել է, թե չկա որևէ քաղաքական ուժ, որն իրենց մոտ է։ Այսպիսով, այս երեք հարցումների համադրությունը ցույց է տվել, որ 2019-ից սկսած ՔՊ-ի վարկանիշը նվազել է, մինչդեռ աճել է այն քաղաքացիների թիվը, որոնք քաղաքական համակարգում իրենց համար ընդունելի կուսակցություն չեն տեսնում։ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) ևս հրապարակել է Հայաստանի վերաբերյալ հարցումների արդյունքներ։ IRI-ի 2022 թվականի հետազոտության շրջանակում՝ հարցված 1499 անձանցից 17 տոկոսը վստահություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Երբ նույն հարցվողներին հարցրել են, թե որ կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեին, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, 25 տոկոսը նշել է ՔՊ-ին։ IRI-ի 2023 թվականի տվյալներով՝ հարցված 1508 անձանց շրջանում Փաշինյանին և նրա ղեկավարած կուսակցությանը վստահություն է հայտնել 17 տոկոսը։ Նշվում է որ հարցվածների 3 տոկոսը նշել է հենց Փաշինյանի անունը, ևս 3 տոկոսը՝ «Իմ քայլը» դաշինքը։ Ըստ այդմ, համախմբված ցուցանիշը կազմել է 23 տոկոս, որը 5 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։ 2024 թվականի հոկտեմբերին հրապարակվել է IRI-ի նոր հարցումը, որի տվյալները հավաքվել են 2024-ի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային ձևաչափով։ Հարցմանը մասնակցել է 1503 մարդ։ Ըստ հարցման, Նիկոլ Փաշինյանը շարունակում է համարվել վստահություն ներշնչող առաջատար գործիչը՝ հարցվածների 16 տոկոսի կողմից նշվել է նրա անունը։ Միաժամանակ՝ հարցվածների 61 տոկոսը նշել է, որ որևէ քաղաքական գործչի չի վստահում։ Այդուհանդերձ, ՔՊ-ն 2024-ին էլ շարունակում է մնալ առաջատար ուժ։ Հարցման մասնակիցների 20 տոկոսը կողմ է եղել իշխող կուսակցությանը, ևս 2 տոկոսը՝ «Իմ քայլը» դաշինքին, որը դադարեցրել էր գործունեությունը դեռ 2021-ին։ Նույն տարվա տվյալներով՝ Փաշինյանի նկատմամբ վստահությունը Երևանում կազմել է 13 տոկոս, մյուս քաղաքներում՝ 14 տոկոս, իսկ գյուղերում՝ 20 տոկոս։ «Այսպիսով, չնայած Փաշինյանի ու նրա ղեկավարած ուժի վարկանիշը վերջին տարիների ընթացքում նվազել է, այդուհանդերձ, նրանք շարունակում են մնալ սոցհարցումների առաջնային դիրքերում։»,–ասվում է հրապարակման մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |