Զուրաբյան․ Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը ՝«հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո»

Զուրաբյան․ Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը ՝«հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո»

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ–ում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է», ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը»։

Զուրաբյանը մեջվերել է նրա պատասխանն այն հարցին, թե երբ է դրվել ընտրակեղծիքների հիմքը, որը Նիկոլ Փաշինյանը տվել է Նվեր Մնացականյանին տրված հարցազրույցի ժամանակ:

«Ուշադրություն դարձրեք Նիկոլի երկու հավաստիացումներին.

«Գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ»:

«Ես ընդհանրապես սովոր եմ, պատասխանատու եմ իմ ասած ցանկացած խոսքի համար»:

Հիմա դուք դատեք, թե ում պիտի հավատանք` Նիկոլ Շնաբերանին, թե` Նիկոլ Ազնվազարմին: Ահա սղագրած տեքստը.

«– Քո նկարագրածի հիմքը ե՞րբ է դրվել:

– Ինչի՞ հիմքը։

– Ապօրինի իշխանություն, ապօրինի ընտրություններ․․․

– Այս ավազակապետական համակարգի հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։

– Մի քիչ էլ հետ գնա։

– Դուք գուցե հետ գնալու ցանկություն ունեք, ես պատասխանում եմ Ձեր հարցին։

– Ես ուզում եմ, որ դու ազնիվ գտնվես։ Մի քիչ էլ հետ գնա։

– Գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ, և ես պատասխանում եմ Ձեր հարցին։ Դուք ինձ հարցնում եք՝ երբ է դրվել հիմքը։ Ես ասում եմ՝ հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Եվ այս իշխանությունը, ավազակապետական այս համակարգը, ուղղակիորեն ծնվել է հոկտեմբերի 27-ին՝ Նաիրի Հունանյանի ձեռքով։

Այսօր հոկտեմբերի 27-ի գործով այդ նույն մեղադրյալները, որոնց նկատմամբ ապօրինի կերպով քրեական գործերը կարճվել են, գտնվում են իշխանության ամենավերին օղակներում։ Նաիրի Հունանյանի ընկերները այսօր ղեկավարում են Հանրային հեռուստաընկերությունը և ամեն օր մարդկանց ուղեղները լվանում են հունանյանական գաղափարներով։

– Եկեք այնպես չանենք, որ մարդկանց վիրավորենք։ Սահմանը չանցնենք։

– Գիտեք, ես Ձեզ ասեմ, որ ես ընդհանրապես սովոր եմ, պատասխանատու եմ իմ ասած ցանկացած խոսքի համար»,–ասվում է գրառման մեջ։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։ «Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը», հայտնել է Մայր Աթոռը։

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այցին Մայր աթոռ և աջակցությանը կաթողիկոսին, Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Տեր-Պետրոսյանն իհարկե «պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»։

«Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին», - գրել է Փաշինյանը:

 Ուշագրավ
---