ՔՊ-ական․ Հորդորում եմ եկեղեցում բացի աղոթքից՝ այլ գործողություն չանել

ՔՊ-ական․ Հորդորում եմ եկեղեցում բացի աղոթքից՝ այլ գործողություն չանել

PanARMENIAN.Net - Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ ՔՊ–ական Նարեկ Գրիգորյանը ողջունում է իր քաղաքական ղեկավարի նախաձեռնությունը՝ «Վեհարանն ազատելու գործուն քայլերի» և Կաթողիկոսին հեռացնելու խորհուրդ ստեղծելու մասին։

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք նա պատրաստ է մասնակցել հնարավոր քասթինգի, ինչին Գրիգորյանը պատասխանել է. «Չէ՛», հայտնում է Aysor.am-ը։

«Հավատացյալ եմ, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց, քաղաքական իմաստով, ի պաշտոնե չեմ ուզում մասնակցել»,- հավելել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ այս փուլում դժվար է կանխատեսել, թե ինչ եղանակով հնարավոր կլինի Վեհարանից հեռացնել Վեհափառ Հայրապետին։

«Ընթացքը ցույց կտա։ Ես պատկերացնում եմ, որ Հայաստանում եկեղեցին պետք է ունենա առաջնորդ, որը ենթարկվում է այն ուխտերին, որոնք դրել է իր առջև, Աստվածաշնչին, պետք է լինի հավատացյալ։ Վարչապետի գրառման մեջն էլ կա, որ մարդը պետք է լինի, գոնե, Մեծ Պահքը պահող»,- հայտարարել է նա։

Գրիգորյանը վստահեցրել է, թե Վեհափառ Հայրապետին Վեհարանից ուժով դուրս չեն հանի։

«Վեհարանում աղոթում են, Վեհարանում ուժ չեն կիրառում, ցանկացած հավատացյալի, ով կմասնակցի այդ պրոցեսին, հորդորում եմ եկեղեցու ներսում որևէ այլ գործողություն չանել՝ բացի աղոթք անելուց»,- ասել է պատգամավորը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։

 Ուշագրավ
---