Team-ը, NVIDIA-ն և Firebird-ը $500 մլն արժեքով տարածաշրջանային ԱԲ կենտրոն կկառուցեն ՀՀ–ում![]() 12 հունիսի 2025 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում ստարտափ և տեխնոլոգիական ամենամեծ համաժողովի՝ Viva Technology-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում մոտ 500 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային մեգանախագիծ: Հայաստանի Հանրապետության կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը: ՀՀ կառավարության աջակցությամբ տեխնոլոգիական նորարարությունները արագացնելու և տարածաշրջանում առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքներ ներդնելու նպատակով Firebird ընկերությունը 2026 թվականին նախատեսում է գործարկել NVIDIA Blackwell գրաֆիկական հազարավոր պրոցեսորներով հագեցած տվյալների կենտրոն՝ մինչև ավելի քան 100 մեգավատտ մասշտաբավորման հնարավորությամբ: Հայաստանի Հանրապետության, IT և տեխնոլոգիական տեղական և միջազգային անվանի ընկերությունների այս ռազմավարական համագործակցությունը վճռորոշ դեր կունենա երկրի տեխնոլոգիական հուսալի ապագայի կառուցման համար: NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նշել է՝ արհեստական բանականության գործարան-կենտրոնները 21-րդ դարի ենթակառուցվածք են։ «Մեր համագործակցությունը Հայաստանի հետ կօգնի զարգացնելու արհեստական բանականության հիմնարար կարողությունները և ողջ տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծի նորարարության և տնտեսական աճի համար»,–ասել է նա։ Team ընկերությունների խումբը, կառավարելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Team Telecom Armenia և իռլանդական Imagine Broadband ընկերություններն ու հանդիսանալով վրացական SkyTel ընկերության բաժնետեր, կծառայեցնի իր փորձագիտական ռեսուրսներն ու տարածաշրջանում կապի եզակի ենթակառուցվածքները մեր երկրում այս հսկայածավալ նախագիծը կյանքի կոչելու նպատակով: «Պատիվ ունենք մասնակցելու այս ռազմավարական նշանակություն ունեցող լայնածավալ նախաձեռնության իրականացմանը՝ ներդնելով տեխնոլոգիական ոլորտում մեր բազմամյա փորձն ու ռեսուրսները։ Մեր մասնակցությունը արտացոլում է Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության լուծումների և թվային ապագայի գլոբալ կենտրոն դարձնելու պատրաստակամությունը»,-ասել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ Firebird-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը նշել է՝ այս մեգանախագիծը Հայաստանից մինչև աշխարհ նորարարության համար մեկնարկային հարթակ ստեղծելու մասին է: «Մենք ներդրումներ կկատարենք նորարարական մոդելների, ռոբոտաշինության և գիտության մեջ՝ համագործակցելով աշխարհի առաջատար համալսարանների հետ: Սա նաև կնպաստի Հայաստանում նորարարության ոլորտում գործունեություն ծավալող սերնդի ձևավորմանն ու ոլորտի խթանմանը»,-նշել է նա: Ներդրումային այս նախագծին որպես Firebird-ի հիմնադիր գործընկեր և ռազմավարական խորհրդատու է միացել նաև Flagship Pioneering-ի գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը: «Տեխնոլոգիական առաջատար ոլորտում Հայաստանի զարգացումը կկառուցվի գլոբալ համագործակցության և երկարաժամկետ ներդրումների միջոցով: Արհեստական բանականության ոլորտի զարգացումը Հայաստանի և տարածաշրջանի համար համարձակ քայլ է երկիրը համաշխարհային արհեստական բանականության ոլորտում դիրքավորելու ճանապարհին»,-նշել է Աֆեյանը։ «Մենք ոգևորված ենք տեխնոլոգիաների արտահանման և արհեստական բանականության ոլորտում ԱՄՆ-ի առաջնորդության ներուժով, որի շնորհիվ կարող ենք Հայաստանում խթանել նորարարությունը՝ ի նպաստ մեր երկրների: Ամերիկյան այնպիսի ընկերությունները, ինչպիսին է NVIDIA-ն, շարունակում են առաջարկել աշխարհում առաջատար հաշվարկային և ԱԲ լուծումներ, և մենք հպարտ ենք, որ հենց նրանք են դառնում հայկական կողմի գործընկերները»,-նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Այս մասշտաբային նախագիծը փաստում է պետության, տեխնոլոգիական ու թվային ոլորտի ընկերությունների արդյունավետ համագործակցությունն ու տարածաշրջանում Հայաստանը որպես տեխնոլոգիական ազդեցիկ կենտրոն դիրքավորելու` մասնակից բոլոր կողմերի հանձնառությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |