Փաշինյանը ողջունել է ՀՀ–ում AI ենթակառուցվածքներ կառուցելու NVIDIA-ի գործընկերությունը և Firebird-ի հետ աշխատանքը

Փաշինյանը ողջունել է ՀՀ–ում AI ենթակառուցվածքներ կառուցելու NVIDIA-ի գործընկերությունը և Firebird-ի հետ աշխատանքը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ՀՀ–ում AI ենթակառուցվածքներ կառուցելու NVIDIA-ի գործընկերությունը և Firebird-ի հետ աշխատանքը։

Firebird արհեստական բանականության ամպային ընկերությունն ու Հայաստանի կառավարությունը, ստանալով NVIDIA ընկերության աջակցությունը, հանդես են եկել տարածաշրջանում տեխնոլոգիական առաջընթացը խթանելու նախաձեռնությամբ՝ կառուցելու առաջատար արհեստական բանականության ենթակառուցվածք։ Այդ մասին ասվում է Firebird-ի տարածած հայտարարության մեջ, հայտնում է Արմենպրեսը։

Ընկերությունը նախատեսել է նախագիծը գործարկել 2026 թվականին՝ կիրառելով NVIDIA Blackwell շարքի հազարավոր գրաֆիկական պրոցեսորներ և ձևավորելով ավելի քան 100 մեգավատ հզորությամբ համակարգ։

Firebird-ը ներկայացրել է 500 միլիոն դոլար արժողությամբ պետական-մասնավոր համագործակցության տեսլական՝ միտված Հայաստանում արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջխաղացմանը։

Նշվել է, որ այս նախագծով նախատեսված նոր արհեստական բանականության կենտրոնը կարևոր հանգրվան է դառնալու Հայաստանի՝ տեխնոլոգիական առաջատար դառնալու ճանապարհին։

«Մենք ողջունում ենք NVIDIA-ի գործընկերությունը և Firebird-ի հետ աշխատանքը՝ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքներ կառուցելու համար: Սա մեր տեխնոլոգիական ոլորտի և գլոբալ գործընկերությունների ամրապնդման ուղղությամբ կարևոր քայլ է»,-ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունն ուրախ է աջակցել այս նախաձեռնությանը և նոր հնարավորություններ բացել հայ ժողովրդի և տարածաշրջանի համար:

NVIDIA-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգն ընդգծել է, որ արհեստական բանականության գործարանները 21-րդ դարի ենթակառուցվածքներն են։

Firebird.ai-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովագիմյանն ընդգծել է, որ նախագծի նպատակն է ձևավորել նորարարական մեկնարկային հարթակ՝ Հայաստանից հասնելով գլոբալ մակարդակի։

«Մենք ներդրումներ կկատարենք նորարարական մոդելների, ռոբոտաշինության և գիտությունների մեջ՝ համագործակցելով աշխարհի առաջատար համալսարանների հետ, և կստեղծենք նորարարների հաջորդ սերնդին Հայաստանում ինկուբացնելու կարողություններ»,-ասել է Հովագիմյանը:

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, իր հերթին, արտահայտել է իր ոգևորությունը նախագծի վերաբերյալ՝ նշելով․ «Մենք ոգևորված ենք ԱՄՆ տեխնոլոգիական արտահանման և արհեստական բանականության առաջատար ներուժով՝ խթանելու ավելի շատ նորարարություններ Հայաստանի դինամիկ տեխնոլոգիական ոլորտում, ինչը օգուտ կբերի Միացյալ Նահանգներին և Հայաստանին»: Դեսպանը հավելել է, որ ամերիկյան ընկերությունները, այդ թվում՝ NVIDIA-ն, շարունակում են առաջարկել առաջատար լուծումներ աշխարհում։ «Մենք հպարտ ենք, որ նրանք հայ գործընկերների համար նախընտրելի գործընկերներ են»:

Նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում ողջունել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«AI գործարանը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության և ձեռներեցության համար։ Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը, և Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր։ Այս նախաձեռնությամբ Հայաստանը ոչ միայն արձագանքում է գլոբալ տեխնոլոգիական փոփոխություններին, այլ նաև դառնում է այդ գործընթացների մասնակից։ Ձևավորվում է նոր հարթակ, որտեղ տեղական ներուժը հնարավորություն կունենա ստեղծելու արդիական լուծումներ՝ համահունչ միջազգային զարգացումներին։ Սա ռազմավարական ներդրում է մեր երկրի երկարաժամկետ տեխնոլոգիական առաջընթացի համար»,- նշել է ԲՏԱ նախարարը։

Firebird.ai-ը հիմնադրված է Սան Ֆրանցիսկոյում և Երևանում։ Այն նախատեսում է 2026 թվականին գործարկել Կովկասի առաջին ու խոշորագույն արհեստական բանականության սուպերհամակարգիչը՝ հենված NVIDIA Blackwell պրոցեսորների վրա։ Ընկերության ապագա մասնաճյուղերը ծառայելու են որպես կայուն ու բարձր արտադրողականությամբ AI ենթակառուցվածքներ՝ ուղղված զարգացող համաշխարհային շուկաներին՝ միաժամանակ ներդրում կատարելով տեղական տեխնոլոգիական ներուժի ամրապնդման մեջ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---