Միկոյանը՝ Փաշինյանին. Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է

Միկոյանը՝ Փաշինյանին. Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ընդդիմադիրների պնդումներին այն մասին, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները յուրացվել են», ասել է, որ խոսում են կաշառակերները, «չասենք՝ ում մասին է խոսքը, չնայած, բոլորս էլ հասկացանք՝ Ռոբերտ Քոչարյանի մասին է»։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, մեկնաբանելով վարչապետի հայտարարությունն, ասել է, որ «Հայաստան» հիմնադրամից 100 միլիոն դոլարն անհետացել է բոլորի աչքի առաջ և հենց այն ժամանակ երբ նա և՛ վարչապետ էր, և՛ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ», հայտնում է Yerevan.Today–ը։

«Գումարն անհետացել է անննախադեպ ֆոկուսով․ մեր հայրենակիցները փոխանցել են այն համահայկական հիմնադրամին իսկ Հիմնադրամը՝ կառավարությանը։ Եվ որևէ բաց տեղեկատվություն չկա, թե գումարը ուր է․ այնինչ Հիմադրամից ծախսված ցանկացած դրամ պետք է ներկայացվի բաց հաշվետվությամբ։

Ի դեպ, այդ գումարին առնչվող նիստի տեսագրությունը նախագահ Քոչարյանի հարցադրմամբ և դրա «կռուտիտներով» համացանցում բաց մատչելիությամբ կա, ցանկացած ոք կարող է դիտել-համոզվել ասածիս մեջ։ Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է և/կամ նստել որևէ իշխանավորի արտասահմանյան բանկային հաշվին։ Ամենօրյա ռեժիմով չաղացող և հարստացող ՔՊ-ական վերնախավը դրա վառ ապացույցն է։ Եվ ամենից նողկալին այն է, որ այդ անհետացած 100 միլիոն դոլարը մեր հայրենակիցների հավաքած գումարն էր, որը հանգանակվել էր պատերազմի ընթացքում և պետք է ուղղվեր այդ նպատակին»,–ասվում է Միկոյանի մեկնաբանության մեջ։

Միկոյանը վստահություն է հայտնել, որ հետագա իշխանությունները ամբողջությամբ բացահայտելու են այդ և այլ անհետացած գումարների ճակատագիրը։

«Վստահ եմ՝ հաջորդ իշխանությունն այս և այլ անհետացած և լափված գումարների վերաբերյալ հստակ տեղեկատվություն կտա մեր ժողովրդին՝ տալով դրանց նաև իրավաքրեական գնահատական և իրականում միլիոն առ միլիոն վերադարձնելով թալանվածը։

Իսկապես ձանձրալի է, երբ լսում ես մի մարդու, ով արդեն 8 տարի է իշխանության է և շարունակում է դեղին մամուլին բնորոշ ոճով բամբասել»,– եզրափակել է նա։

Փաշինյանը նիստում նաև հիշեցրել է, որ Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որը գլխավորել է ընդդիմության ներկայացուցիչը։

«Պետք է արձանագրել՝ ո՞ւր է եզրակացությունը։ Էլի դուրս են գալիս, տակից-գլխից խոսում են որոշ կաշառակերներ, չասենք՝ ում մասին է խոսքը, չնայած, բոլորս էլ հասկացանք՝ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Արծվիկ Մինասյանը չէ՞ր հանձնաժողովի ղեկավարը, բա ո՞ւր է զեկույցը, թող գրեն, ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ կիմանանք՝ ինչ անենք, սիրուն կդիմենք դատարան ու նրանց կստիպենք հակառակը պնդել»,- ասել է նա։

 Ուշագրավ
---