Գրիգորյան․ Հանրությունը դիմադրողականություն է ձեռք բերել հիբրիդային պատերազմի գործիքների նկատմամբ

Գրիգորյան․ Հանրությունը դիմադրողականություն է ձեռք բերել  հիբրիդային պատերազմի գործիքների նկատմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ վերջին տարիների ընթացքում հանրությունը, ունենալով խոսքի ազատություն, ձևավորել է որոշակի դիմադրողականություն՝ ներքաղաքական զարգացումներում կիրառվող հիբրիդային պատերազմի գործիքների հանդեպ։

Այդ դիտարկումը նա ներկայացրել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովի պանելային քննարկման ընթացքում, հայտնում է Արմենպրեսը։

Քննարկման ժամանակ նրան ուղղվել է հարց՝ հնարավո՞ր է, որ հիբրիդային պատերազմի դրսևորումներն ակտիվանան 2026 թվականին նախատեսվող խորհրդարանական ընտրություններից առաջ կամ հենց այդ ժամանակահատվածում։ Գրիգորյանը չի բացառել նման սցենարների իրականացման հավանականությունը՝ ընդգծելով, որ այդ մեթոդներն կարող են դառնալ առավել ինտենսիվ։

«Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ, բնականաբար, իրականացվում է, բայց, իրականության մեջ, 2020-2021 թվականից սկսած՝ այդ հիբրիդային գործիքներն էլ ավելի ագրեսիվ էին և անվտանգության տեսանկյունից էլ ավելի մեծ սպառնալիք էին պարունակում։ Կարծում եմ, որ հիմնական գործիքներից մեկը, որն օգնել է Հայաստանին քիչ թե շատ հաղթահարել այդ սպառնալիքը, դա խոսքի ազատությունն է եղել, և հանրությունը, ունենալով ազատության հնարավորություն, կարողացել է հաղթահարել դա»,-նշել է Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը այս երևույթը համեմատել է վարակի դեմ ձևավորվող իմունային համակարգի հետ՝ նկատելով, որ հանրությունը երբեմն ստիպված է լինում անցնել բարդ փորձությունների միջով, որպեսզի կարողանա կոփվել ու վերածվել ավելի դիմացկուն կառույցի։ Նրա խոսքով՝ հենց այդ ճանապարհով էլ հնարավոր է հասնել առավել կայուն հասարակության։

 Ուշագրավ
---