Փոխնախարար․ Սահմանին վիճակը համեմատաբար կայուն է՝ այս պահին որևէ մտահոգիչ տվյալ չունեմ

Փոխնախարար․ Սահմանին վիճակը համեմատաբար կայուն է՝ այս պահին որևէ մտահոգիչ տվյալ չունեմ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտնել է, որ ներկայումս սահմանին վիճակը համեմատաբար կայուն է, և որևէ մտահոգիչ ազդանշան չկա։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք պաշտպանության նախարարությունը գնահատել է Սյունիքի ուղղությամբ հնարավոր հարձակման տարբերակը՝ կապված Իրանում ընթացող իրադարձությունների հետ, Սարգսյանը դրական է պատասխպանել, հայտնում է Panorama.am-ը։

«Բնականաբար, տարածաշրջանում յուրաքանչյուր էսկալացիա պետք է անհնագստություն պատճառի բոլորիս։ Նախարարությունը հետևում է իրադարձություններին»,–ասել է նա։

Երբ նրան հարց է ուղղվել՝ ինչ քայլերով է Հայաստանը պաշտպանվելու, փոխնախարարը նշել է՝ ամբողջ ներուժի չափով։

«Հայաստանը պաշտպանվելու է իր հնարավորությունների, կարողությունների, ամբողջ ներուժի չափով, եթե դրա կարիքը լինի։ Սակայն Հայաստանը պետք է ամեն ինչ անի քաղաքական առումով՝ տարածաշրջանում էսկալացիոն դեպքեր չլինեն»,–ասել է նա։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։

 Ուշագրավ
---