ԱԽ քարտուղար․ Բաքվի հետ քննարկում ենք սահմանազատման շարունակման տեխնիկական հարցերը

ԱԽ քարտուղար․ Բաքվի հետ քննարկում ենք սահմանազատման շարունակման տեխնիկական հարցերը

PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանըհայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են բանակցություններ՝ պետական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակելու ուղղությամբ, ու ներկայում կողմերը զբաղված են այդ գործընթացին վերաբերող տեխնիկական հարցերի քննարկմամբ։ Այդ մասին նա ասել է APRI-2025 համաժողովի «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագրով պանելային քննարկմանը։

Նրա խոսքով՝ կողմերի միջև վերջին հանդիպումը կայացել է 2025 թվականի հունվարին, երբ երկու պետությունների փոխվարչապետներն ամրագրել են, որ սահմանազատման գործընթացը վերսկսվելու է Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանակետից, հայտնում է Արմենպրեսը։

«Այս պահին բանակցությունները շարունակվում են։ Քննարկվում են տեխնիկական հարցերը, թե ինչպես շարունակել սահմանազատման գործընթացը»,-ասել է Գրիգորյանը՝ ընդգծելով, որ եթե թեմայի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն լինի, Հայաստանի կառավարությունը հանրությանը կտեղեկացնի։

Գրիգորյանն ընդգծել է, որ այժմ ընթանում են դիվանագիտական և խորհրդապահական գործողություններ՝ կողմերի միջև տեխնիկական հարցերը հստակեցնելու նպատակով։

«Հայաստանն առաջընթացի է տրամադրված, և միանշանակ է, որ մենք ցանկանում ենք ունենալ խաղաղության պայմանագիրը։ Հաճախ լսում ենք կարծիքներ այն մասին, որ այդ համաձայնագիրը չի բխում Հայաստանի շահերից, սակայն այդպես չէ, քանի որ Հայաստանը ցանկանում է ստորագրել այն»,-ընդգծել է ԱԽ քարտուղարը։

Վերադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման թեմային՝ Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը։

«Հայաստանի դիրքորոշումն է, որ հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ինքնիշխանության և իրավազորության, փոխադարձության և հավասարության շրջանակներում։ Մենք պատրաստ ենք սրա շրջանակում քննարկումներին։ «Խաղաղության խաչմերուկ»-ի օրակարգը մենք ինտենսիվ քննարկել ենք ինչպես Հայաստանի հանրության, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։ Այժմ մենք տեսնում ենք ավելի ու ավելի ուժեղ աջակցություն այդ ծրագրին, դրա նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն ենք տեսնում։ Հայաստանը պատրաստ է այդ օրակարգի շրջանակներում ապաշրջափակման շուրջ շարունակել աշխատանքները։ Մենք շարունակելու ենք աշխատել միայն այս ուղղությամբ և «Խաղաղության խաչմերուկ»-ի տրամաբանության մեջ»,-շեշտել է Գրիգորյանը:

Նա հավելել է, որ այդ տրամաբանությամբ՝ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ենթակառուցվածքները վերահսկվելու են երկրի պատկան մարմինների կողմից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31–ի ասուլիսում հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը հստակ առաջարկներ է արել Ադրբեջանին և սպասում է դրանց պատասխանին։ Ըստ նրա՝ էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարբերակն է։ Նա նաև առաջարկել է երկաթուղային հաղորդակցություն Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ։

 Ուշագրավ
---