Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը

Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը

PanARMENIAN.Net - Դատարանը մերժել է Հովիկ Աբրահամյանի կալանավորման միջնորդությունը՝ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով

«Մոտ 7 ժամ տևած դատական նիստում մանրամասն ներկայացրել ենք մեղադրանքն անհիմն լինելու, այն հաստատող ապացույցներ քրեական վարույթում չլինելու վերաբերյալ մեր փաստարկված հիմնավորումները, ինչպես նաև այն, որ Հովիկ Աբրահամյանին նախկինում ևս նույն հոդվածներով մեղադրանք էր ներկայացված և խափանման միջոց էր կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը, որի պարագայում նա մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, այդ 7 տարիների ընթացքում գործի քննությանը որևէ կերպ չի խոչընդոտել, ուստի դեռևս 2018-2019 թվականների ըթնացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ներկայումս ներկայացված մեղադրանքով նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելը բացարձակ անօրինական է։

Միջնորդության քննության արդյունքում Դատարանը որոշել է մերժել Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»,-մանրամասնել է փաստաբանը։

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել էր հունիսի 13-ին։

 Ուշագրավ
---