Աբրահամյան. Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկներն» են ուրվագծվել

Աբրահամյան. Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկներն» են ուրվագծվել

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկներն» են ուրվագծվել` Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում, Ադրբեջանի նախաձեռնությամբ «Ստամբուլյան հռչակագիր» անունը կրող փաստաթուղթ և 5 բանաձևեր են ընդունվել, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:

Ըստ նրա՝ այդ փաստաթղթում ամրագրվել է «բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» Հայաստան (փաստաթղթում որպես «Արևմտյան Ադրբեջան» է ներկայացվում):

«Հայաստանյան կառավարչի` արցախցիների իրավունքների պաշտպանությունից և, մասնավորապես, հավաքական վերադարձից ու ՀՀ-ի օկուպացված տարածքների թեմայից հրաժարվելու պայմաններում, Ադրբեջանը միջազգային օրակարգ է հրում, այսպես կոչված» «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, որը ներառում է ներկայիս Հայաստանի զգալի մասը։

Ավելին, Ադրբեջանի` բանակցային գործընթացում դրսևորվող անհագ հավակնությունների պայմաններում, փաստաթղթի չստորագրվելն էլ ջարդվում է Հայաստանի գլխին։

Իշխանությունը երկիրը հրել է դեպի թուրքական թակարդ, որտեղ միակ դերն, որն ունի Հայաստանը, պարզապես հնազանդվելն ու ստացած ապտակները հանդուրժելն է»,- գրել է Աբրահամյանը։

Փաշինյանը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Այդ այցի օրակարգը նախապես չէր հրապարակվել՝ կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ, ինչը նաև հայտարարվել էր վարչապետի կողմից։ Նա Ստամբուլում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի նպատակը Մեծ Թուրանի գաղափարի իրագործումը չէ, նա ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։

«Մենք էլ, Թուրքիան էլ ճանապարհներ ենք ուզում։ Եկեք բացենք սահմանները։ Մենք այդ ամեն ինչին մի վերնագիր ենք դնում «Թուրան», ու վերջ, գնա՜ց` վայ, վայ… Եկեք մենք էլ ապրենք, ուրիշներին էլ մեր չափով հնարավորություն տանք ապրելու»,–ասել է նա։

 Ուշագրավ
---