Գևորգյանը՝ ԵԽԽՎ–ում․ Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդն անկարող ազդել Ադրբեջանում ամոթալի դատավարությունների վրա

Գևորգյանը՝ ԵԽԽՎ–ում․ Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդն անկարող ազդել Ադրբեջանում ամոթալի դատավարությունների վրա

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Իեն Բորջը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ արձագանքելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հնչեցրած մտահոգություններին։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը նիստի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների խնդիրը, գրում է Panorama.am-ը։

«Դուք գիտեք, որ Ադրբեջանում ներկայումս տեղի են ունենում ամոթալի դատավարություններ հայ բանտարկյալների դեմ: Այս կազմակերպությունը մինչ օրս չի կարողացել որևէ նշանակալի ազդեցություն ունենալ ադրբեջանական իշխանությունների վրա և ապահովել նրանց ճակատագրի արդար և արժանապատիվ լուծում: Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդը անկարող ազդել այս իրավիճակի վրա: Ի՞նչ ուղերձ է սա հղում աշխարհում նրանց, ովքեր դեռևս հավատում են ժողովրդավարական արժեքներին, հատկապես, երբ այդ արժեքները գտնվում են ինտենսիվ ճնշման տակ»,-հարցադրում է արել պատգամավորը»,–ասել է նա։

ի պատասխան ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը ասել է․ «Մենք չենք կարող այլ բան անել, քան հորդորել բոլոր անդամ երկրներին հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք որդեգրել է այս կազմակերպությունը և կատարել այն հանձնառությունները, որոնք ստանձնել են՝ միանալով Եվրոպայի խորհրդին։ Մենք ոչ միայն Ադրբեջանից ու Թուրքիայից ենք պահանջում կատարել այդ հանձնառությունները, այլ մյուս երկրներից»։

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը էլ հիշեցրել է Լյուքսեմբուրգում կայացած նախարարական հանդիպումը, որի ընթացքում, ըստ նրա, Նախարարների կոմիտեն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագիր։ Նա հետաքրքրվել է, թե կոնկրետ ինչ միջնորդական քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ՝ կողմերին համաձայնության բերելու համար։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։

 Ուշագրավ
---