Կոնգրեսական․ ԱՄՆ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին

Կոնգրեսական․ ԱՄՆ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին

PanARMENIAN.Net - Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ներկայացուցիչները հունիսի 24-27-ը պաշտոնական այցով գտնվում են Վաշինգտոնում։ ԱԺ-ից տեղեկացնում են, որ այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթիի հետ։

Հանդիպմանը մասնակցել են պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը, Գեղամ Նազարյանը, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

Քննարկման ժամանակ Սարգիս Խանդանյանը կարևորել է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ձևավորված գործընկերային կապերը՝ հիշեցնելով այս տարվա հունվարին ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը և շեշտելով երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

Կողմերը անդրադարձ են կատարել Հայաստանի շուրջ անվտանգության հարցերին, Ադրբեջանի հետ ընթացող խաղաղ բանակցություններին ու առկա մարտահրավերներին, ինչպես նաև քննարկել են կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Բրայան Մասթը իր հերթին վստահեցրել է, որ ԱՄՆ-ը հետևողական է իր ներգրավվածությանը տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցում և շարունակելու է աջակցել Հայաստանին այդ ուղղությամբ։

Հանդիպման ավարտին Սարգիս Խանդանյանը Բրայան Մասթին փոխանցել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ուղղված պաշտոնական հրավերը՝ Հայաստան այցելելու վերաբերյալ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

 Ուշագրավ
---