Սարգսյանը վստահ է, որ շուտով ներխուժում լինելու է Վեհարանի տարածք

Սարգսյանը վստահ է,  որ շուտով ներխուժում լինելու է Վեհարանի տարածք

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, ում ԱԺ-ն զրկել է անձեռնմխելիությունից, Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ «առաջիկայում ներխուժում է սպասվում Վեհարանի տարածք»։

«Այսօր ինչ տեղի է ունենում մեր երկրում, աստծո և սատանայի միջև»,-ասել է Սարգսյանը, հայտնում է Panorama.am-ը։

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պայքարել եմ, հիմա էլ տեսնում եք, պայքարի մեջ եմ։ Չեմ հոգնել, չեմ ընկճվել, պայքարելու եմ այնքան, մինչև հասնենք մեր նպատակին։ Նպատակն անձնական չէ, ներկուսակցական չէ, հայրենիք, եկեղեցի ունենալ-չունենալու խնդիրն է։ Համոզված եմ, որ մեր հայ ազգը ոտքի է կանգնելու և իշխանություններին հեռացնելու է»,-ասել է Սարգսյանը։

Պատգամավորը հորդորել է հասարակությանը միավորել ջանքերը իշխանության դեմ պայքարում։

«Ես ԱԺ քվեարկության արդյունքներին էլ չեմ սպասել, եկել եմ իմ ոտքով։ Իրենցից ամեն ինչ սպասելի է»,-նշել է նա։

Արթուր Սարգսյանը «սուտ» և «կեղծիք» է անվանել այն մեղադրանքները, որոնց հիման վրա կալանավորվել են հոգևորականներ Բագրատ և Միքայել սրբազանները։

«Այդ ամեն ինչը փուչիկ է։ Ես իմ աջակցությունն եմ հայտնում սրբազաններին, մեր պայքարի 16 ընկերներին մաղթում եմ ուժ ու կորով։ Մեր պայքարը հասնելու է իր նպատակին, հաղթանակ է ունենալու»,-նշել է պատգամավորը։

Մինչ ՀՀ Ազգային ժողովը քննում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը, Սարգսյանը գնացել է ՀՀ քննչական կոմիտե` վստահ լինելով, որ իրեն կձերբակալեն։

Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։

 Ուշագրավ
---