ՀՀ-ն և ԵՄ-ն քննարկել են տարածաշրջանային ներառական կապակցվածության խթանման հնարավորությունները

ՀՀ-ն և ԵՄ-ն քննարկել են տարածաշրջանային ներառական կապակցվածության խթանման հնարավորությունները

PanARMENIAN.Net - Բրյուսելում հուլիսի 8-ին կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը, որը անցկացվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա։ Քննարկման առանցքում եղել է ՀԸԳՀ իրականացման ընթացքն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ընդլայնումը։

Հայաստանն ու ԵՄ-ն վերահաստատել են երկու կողմերի միջև գործընկերության զգալի առաջընթացը՝ խարսխված համատեղ արժեքների նկատմամբ պարտավորությունների վրա։ Նրանք դրականորեն են անդրադարձել ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի՝ 2025 թվականի հունիսի 29-30-ին կայացած այցի արդյունքներին, հատկապես կարևորելով նրա և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները։ Այդ հայտարարությունները վերաբերել են Հայաստան-ԵՄ նոր Գործընկերության օրակարգին առնչվող քաղաքական համաձայնությանը, ինչպես նաև մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի հաստատմանն՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Այս որոշումներն ի հայտ են բերել երկկողմ հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարներ։

Երկուստեք բարձր են գնահատել նաև «Դիմակայունություն և աճ» անվանումը կրող 270 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի իրականացման գործընթացը, որը նպատակ ունի խորացնել ոլորտային համագործակցությունը, մեծացնել փոխկապակցվածությունն ու խթանել ներդրումները բիզնեսում։ Ծրագիրը համահունչ է ինչպես ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնությանը, այնպես էլ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել օրենքի գերակայության, արդարադատության բարեփոխումների, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կատարված քայլերին։ ԵՄ-ն ընդգծել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին և բարձր է գնահատել դրա նկատմամբ ցուցաբերած հանձնառությունը։ Միաժամանակ շեշտվել է բարեփոխումների շարունակականության կարիքը և անհրաժեշտ լրացուցիչ քայլերը խտրականության բոլոր դրսևորումների վերացման ուղղությամբ։ Կողմերը կարևորել են նաև քաղաքացիական հասարակության լիարժեք ներգրավվածությունը հանրային կառավարման ու որոշումների կայացման գործընթացում։

Քննարկվել են նաև տարածաշրջանային ներառական կապակցվածության խթանման հնարավորությունները, տնտեսության դիվերսիֆիկացիայի ու փոխադարձ առևտրի ընդլայնման ուղղությունները, թվային և կանաչ փոխակերպումների արագացման ճանապարհները, էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը, ինչպես նաև կլիմայական գործողությունների ուղղությամբ համագործակցության ամրապնդումը։

Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության համատեքստում զրուցակիցները դրական են գնահատել Հայաստան-ԵՄ միջև վերջերս ստորագրված համաձայնագիրը, որը սահմանում է ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններին Հայաստանի մասնակցության ձևաչափը։ Նշվել է նաև, որ առաջին անգամ անցկացվել են Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական խորհրդակցություններ։ Կողմերը քննարկել են համագործակցության նոր հնարավոր ուղիներ՝ ուղղված հիբրիդային ու կիբեռսպառնալիքներին դիմակայության, արտաքին միջամտությունների և ապատեղեկատվության դեմ պայքարի կարողությունների զարգացմանը։ Նրանք վերահաստատել են ԵՄ քաղաքացիական առաքելության առանցքային դերը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։

Կոմիտեի նիստում օրակարգային հարց է եղել նաև տարածաշրջանային զարգացումների և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը։ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված փոխըմբռնումը և հորդորել է ստորագրել ու վավերացնել այն։ ԵՄ-ն վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների հիման վրա միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը։ Նա իր աջակցությունն է հայտնել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հայկական կողմի քայլերին։

Հանդիպմանը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության՝ Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոն Պերկաուսկիենեն։

 Ուշագրավ
---