Հովհաննիսյան․ ՀԾԿՀ-ն չի կարող Կարապետյանների ընտանիքին պարտավորեցնել ներդրում անել![]() 25 հուլիսի 2025 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը արձագանքել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի այն պնդմանը, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր Կարապետյանների ընտանիքը պարտավոր է շարունակել պլանային ներդրումները։ Հովհաննիսյանը հայտարարել է. «Ձեր հանձնաժողովի տիրույթում գտնվող սուբյեկտը ՀԷՑ-ն է, այսինքն՝ իրավաբանական անձը, ֆիրման։ Դուք սեփականատիրոջ հետ գործ չունեք և չեք կարող ունենալ, նաև չեք կարող ներդրումներ պարտադրել՝ ասելով, որ պետք է ներդրում անեն։ Իրավասու չեք», գրում է Sputnik Արմենիան։ Նա նաև հավելել է, որ այս մոտեցմամբ հանձնաժողովի ղեկավարը «խոր մոլորության մեջ է» և կոչ է արել վերջինիս լինել ավելի ուշադիր։ Հովհաննիսյանը անդրադարձել է նաև Մեսրոպյանի հայտարարությանը, ըստ որի՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին ինքն է նշանակել։ Նրա խոսքով՝ «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում վերջերս կատարված փոփոխությունները հակասում են Սահմանադրությանը։ Հովհաննիսյանը շեշտել է. «Դուք իրավասու սուբյեկտը չեք։ Սահմանադրությամբ իրավասու սուբյեկտը հանձնաժողովն է»։ Հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում կատարված փոփոխությունների փաթեթը, որը հանրության շրջանում հայտնի է որպես ՀԷՑ-ի պետականացման նախագիծ։ Մինչ այդ՝ հունիսի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարել է, որ եկել է պահը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ազգայնացնելու։ Նա նաև զգուշացրել է, որ ՀԷՑ-ի այն աշխատակիցները, որոնք կդադարեն համագործակցել պետության հետ, կազատվեն աշխատանքից։ Հունիսի 24-ին Փաշինյանը հայտնել է, որ արդեն մշակվել է ՀԷՑ-ի պետականացման ծրագիրը։ Հավելենք, որ Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ձեռք է բերել 2016 թվականին՝ նախորդ կառավարության խնդրանքով, և այն ժամանակվանից ի վեր ներդրել է հարյուր միլիոնավոր դոլարներ ընկերության արդիականացման նպատակով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |