Փաշինյանն ու Ռուսոպուլոսը քննարկել են ՀՀ և Եվրոպայի խորհրդի համագործակցության օրակարգը![]() 29 սեպտեմբերի 2025 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ և Եվրոպայի խորհրդի համագործակցության օրակարգը՝ ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը ԵԽ կառույցների հետ։ Կողմերն անդրադարձել են նաև ԵԽԽՎ-ի հետ ձևավորված աշխատակարգային կապերին, ինչպես նաև մոնիթորինգի ձևաչափերում համագործակցությանը։ Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստան–Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարևոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար։ Անդրադարձ է կատարվել ԵԽԽՎ ընթացիկ նստաշրջանի օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռուսոպուլոսին բարձր մակարդակով կազմակերպված հյուրընկալության և մշտական աջակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի, հիմնարար ազատությունների պաշտպանությունը և դատական համակարգի արդյունավետության բարձրացումը խթանելու գործում։ Կողմերը վերահաստատել են երկխոսության շարունակականության և գործնական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր և նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը: Սեպտեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում։ Այցի շրջանակում նա արդեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Հանդիպումներ են նախատեսված նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |