18 դեկտեմբերի 2025 - 19:04 AMT
Միրզոյանը ՆԱՏՕ–ի պաշտոնյայի հետ քննարկել է գործընկերության հետագա խորացման հնարավորությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային` քննարկել հարաբերությունների ընդլայնման ուղիները:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության աճող տեմպը՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվել են պայմաններ գործընկերային հարաբերությունների հետագա խորացման համար։

Միրզոյանn իր վստահությունն է հայտնել, որ ՀՀ-ՆԱՏՕ նոր գործընկերային ծրագրի հաստատումը կբացի նոր հնարավորություններ՝ համագործակցությունը զարգացնելու ավելի հավակնոտ օրակարգով։

Քննարկվել են նաև Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև իրականացվող համագործակցության տարբեր ուղղություններ, այդ թվում՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ու անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավվածությունը նպաստել է գործնական համագործակցության ամրապնդմանը։

Միրզոյանը ներկայացրել է հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում արձանագրված վերջին առաջընթացը։ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի կողմից արտահայտված աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև խաղաղության հաստատմանը տարածաշրջանում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալ ամրապնդման հնարավորությունների շուրջ։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Ռադմիլա Շեկերինսկան անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին ու դրանից բխող նոր հնարավորություններին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան–ՆԱՏՕ գործընկերությանն առնչվող հարցերին և դրա հետագա զարգացման հեռանկարներին։