25 դեկտեմբերի 2025 - 18:27 AMT
ՀՀ–ն ցանկանում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել։ Այդ մասին նա ասել է՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք «Թրամփի ուղի» նախագծի շրջանակում Իրանի հետ դեռևս չպարզաբանված հարցեր կան։

Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանի խնդիրն այն է, որ միշտ փոքր նախագծերի հետ է գործ ունեցել, որոնք մի շերտանի են եղել։ Նրա խոսքով` TRIPP –ի նման մեծ նախագծերը միշտ ունենում են չպարզաբանված հարցեր, հայտնում է Sputnik Արմենիան։

«Երբ ունես մի հարց, որը լուծված չէ, այդ հարցը չի լուծվում, չի լուծվում, ու դու շարունակում ես սեղանին ունենալ մի հարց։ Երբ այդ մի հարցը լուծում ես, ի հայտ է գալիս 4 նոր հարց, որոնք պետք է լուծել։ Ամեն 4 հարցը լուծելիս ի հայտ է գալիս ևս 4 նոր հարց։ TRIPP նախագիծն այնքան մասշտաբային է, որ ամեն փուլում, երբ մի հարց վերջնական պարզաբանում են, դրանից ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածել»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև ընդգծել է, որ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն այժմ գտնվում են բարձր մակարդակի վրա։

«Եվ մենք, այո՛, ցանկություն ունենք նաև Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել»,– ընդգծել է նա։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։