Մանուկյան․ Փաշինյանի ելույթն ապտակ էր զինվորականներին![]() 29 հունվարի 2026 - 10:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված անցկացված պաշտոնական նիստում ապտակ էր զինվորականներին: Ըստ նրա՝ իշխանությունը փորձել է ստվերել բանակի կազմավորման օրը՝ հունվարի 27-ը հռչակելով «հանուն հայրենիքի նահատակների օր», հայտնում է «Փաստինֆոն»: Նրա խոսքով՝ այս տարի բանակի օրվա կապակցությամբ չի անցկացվել ավանդական պաշտոնական պարգևատրման արարողություն, իսկ պաշտոնյաները չեն մասնակցել միջոցառումներին։ Պատգամավորը նաև նշել է, որ պաշտպանության նախարարությունում անցկացված միջոցառումը, որը ներկայացվել է որպես հանդիսավոր նիստ, իրականում եղել է վարչապետ Փաշինյանի «30-րոպեանոց դասախոսությունը զինվորականների առաջ»։ Մանուկյանը քննադատել է վարչապետի կողմից հաճախ օգտագործվող «Դ-30» հրետանային համակարգերի թեման՝ ընդգծելով, որ այդ համակարգերով բանակը երեք տասնամյակ կերտել է ազատագրական ու հերոսական պատմություն։ Նրա խոսքով՝ Փաշինյանը հերթական անգամ խոսել է նաև բանակի համազգեստի փոփոխության մասին, սակայն տարիներ շարունակ այդ խոստումը չի իրականացվել։ Անդրադառնալով վարչապետի ելույթի ամենաքննարկվող հատվածին՝ Մանուկյանը նշել է, որ Փաշինյանը պետական պարտքի աճը պայմանավորել է երկու գործոնով՝ բանակի սպառազինության գնումներով և արցախցիների կարիքների հոգացմամբ՝ ինչը պատգամավորը որակել է որպես «ցինիզմ»։ Մանուկյանի խոսքով՝ վարչապետը փաստացի ընդունել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրված փաստաթղթով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դրանով ուրացել Արցախը, ինչի հետևանքն էլ եղել է 2023 թվականի սեպտեմբերի ագրեսիան Արցախի դեմ։ «Արցախի պաշտպանական բանակը, կամավորները, արցախահայությունը մնացին մենակ ադրբեջանական հսկայական բանակի դեմ՝ դավաճանված Հայաստանի իշխանությունից»,- ասել է պատգամավորը։ Գեղամ Մանուկյանի գնահատմամբ՝ իշխանությունն ամեն ինչ արել է բանակի օրը ստվերելու համար, իսկ այս իրավիճակը հաղթահարելը հնարավոր է, սակայն դա արդեն այլ թեմա է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով պաշտպանության նախարարություն իր այցի ժամանակ ասել է, որ միջազգային լեգիտիմությունը դրել են բանակից առաջ: Նա նշել է, որ առանց միջազգային լեգիտիմության հայոց բանակի բարեփոխումներն անհնար կլինեին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |