Էրիկ Ալեքսանյանն ու Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել

Էրիկ Ալեքսանյանն ու Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հրապարակել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի, լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և նրա օգնական Թամարա Գասպարյանի գործով վերդիկտը։ Նրանք մեղավոր են ճանաչվել, հայտնում է «Փաստինֆոն»:

2022 թվականի հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները մտել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություններ է ներկայացրել՝ թույլտվություն ստանալու քրեական հետապնդում սկսելու և դատավորին ազատությունից զրկելու համար, որոնք ժամեր տևած քննությունից հետո բավարարվել են։ Քրեական վարույթը կապված է քրեական հեղինակությանն առնչվող գործի հետ։

Մասնավորապես, դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը։ Դրանից հետո ԱԱԾ-ն դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրել է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Նույն վարույթի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրել է դատավորին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

Պաշտպանների գնահատմամբ՝ որպես «օժանդակություն» դիտարկվել է այն, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, օգտվելով իր փաստաբանական լիազորություններից, միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Արուսյակ Ալեքսանյանը, դատավորի օգնական Թամարա Գասպարյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը իրենց ներկայացված մեղադրանքները չեն ընդունում։

 Ուշագրավ
---