Հայաստանի եւ Վրաստանի նախագահներն անկեղծ զրույց կունենան

PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանեն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ տիկին Սանդրա Ռուլովսը: Այդ մասին նշվում է ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:



Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միխայիլ Սահակաշվիլիի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:



Հունիսի 24-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Վրաստանի նախագահի եւ տիկին Սանդրա Ռուլովսի կտրվի պաշտոնական ընթրիք:



Միխայիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:



Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին: Այնուհետեւ Երեւանի պետական համալսարանում Միխայիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:



Հունիսի 25-ին Վրաստանի ղեկավարը կմեկնի Հայաստանից:



Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2008 թվականի սեպտեմբերի 30-ին պաշտոնական այցով Վրաստանում էր գտնվում: Այցի ընթացքում Հայաստանի նախագահը ծաղկեպսակներ էր դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշարձանին, հանդիպումներ անցկացրեկ Թբիլիսի պետական համալսարանում, որտեղ Սերժ Սարգսյանին շնորհվել էր պատվավոր դոկտորի կոչում: Հայաստանի եւ Վրաստանի նախաագհները ներկա են եղել հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը, որտեղ հետագայում տեղակայվել է Սայաթ-Նովայի` հայ պոետի, երաժշտի, աշուղի, սիրային քնարերգության վարպետի հուշարձանը, որը բանաստեղծություններ էր գրում մի քանի լեզվով` հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն եւ պարսկերեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---