Ամերիաբանկի վարկային պորտֆելում չաշխատող կրեդերի կշիռը կազմում է 0,6%

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի վարկային պորտֆելում չաշխատող կրեդերի կշիռը կազմում է 0,6%, հայտնել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքով, այդ ցուցանիշն ամենացածրն է Հայաստանի բանկային համակարգում, քանի որ բանկի գործունեությունը հիմնականում ուղղված է խոշոր կորպորատիվ հաճախորդների սպասարկմանը, եւ այստեղ հեշտ է հետեւել ռիսկերին (բանկի պարտատերերի ցուցակը տեղավորվում է երկու էջի վրա):



Այդ կապակցությամբ Ջրբաշյանը նշել է, որ անցյալ եռամսյակի արդյունքներով, Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերի միջին մակարդակը կազմում է 7,8%, ընդ որում որոշ բանկեր մոտ են սահմանային մակարդակին` 15-20%: «Այդ ցուցանիշով միջինը հայկական բանկերն ունեն «անվտանգության բարձիկ», բայց մենք ավելի կոշտ մոտեցում ենք գերադասում ռիսկերի գնահատման հանդեպ, եւ, ըստ իս, անհրաժեշտ է պատրաստ լինել այն դեպքին, եթե իրադրությունը վատթարանա»,- ասել է նա:



Ամերիաբանկի զարգացման գծով տնօրենը բանկային համակարգում իրադրությունը դրական է գնահատել` նշելով, որ հայկական բանկերը բավական կապիտալիզացված են, իսկ Հայաստանի բանկային համակարգում իրադրությունը կայուն եւ հուսալի է: «Մեր բանկային համակարգի համեմատական կայունությունը բացատրվում է նրանով, որ կարգավորողի կողմից ռիսկերի գնահատման պահանջները կրկնակի խիստ էին այն պահանջներից, որոնք կիրառվում են, օրինակ, ռուսական բանկերի հանդեպ»,- պարզաբանել է Ջրբաշյանը:



Խոսելով այն խնդիրների մասին, որոնց հետ ճգնաժամի պայմաններում բախվել է Հայաստանի բանկային համակարգը, Ջրբաշյանը նշել է վարկերը չվերադարձնելու եւ գրավներ/վարկեր հարաբերակցության կրճատման խնդիրները, քանի որ բանկի բիզնես-ծրագիրը մշակվել է 2008թ. անկայունության պայմաններում, որի արդյունքում Ամերիաբանկը պատրաստ էր դեպքերի վատագույն զարգացմանը: Իսկ ինչ վերաբերում է վարկային պորտֆելի չափերին, ապա, Ջրբաշյանի խոսքով, ծրագրվում է այն մի քանի միլիարդ դրամի հասցնել 2009-ի վերջին: «Մենք արդեն ունենք պոտենցիալ հաճախորդների հայտեր, եւ ես հուսով եմ, որ բանկի վարկային պորտֆելը կմեծանա մինչեւ մի քանի միլիարդ դրամ»,- հաղորդել է նա:



Ներկայումս, Ջրբաշյանի խոսքով, Հայաստանի բանկային համակարգում պարտքերի շատ ակտիվ վերակառուցում է տեղի ունենում, իսկ երկրորդ եռամսյակում վարկային պորտֆելի ժամկետի կտրուկ աճ կնկատվի: «Նման միտումն առավել նկատելի կդառնա տարվա վերջին»,- ավելացրել է նա:



Մեկնաբանելով վերաֆինանսավորման դրույքների իջեցման առնչությամբ Հայաստանի Կենտրոնական բանկի քաղաքականությունը` նա ասել է, որ այն, անխոս, կազդի վարկերի վերաբերյալ բանկային դրույքների վրա, սակայն այդ ազդեցությունն անհամաչափ կլինի: «ԿԲ վարած ընդլայնվող դրամավարկային քաղաքականության դասական մոդելը կարող է չաշխատել ոչ դասական ճգնաժամի եւ սպառողական պահանջարկի իջեցման դեպքում»,- հայտնել է Ջրբաշյանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---