Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - Ոչ աշխատանքային օրով Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին, հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Քիչ առաջ, ոչ աշխատանքային օրով, Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին: Այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխելու ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատախազը մերժել է փոխել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը:

Դավիթ Մինասյանի ստացած վնասվածքների վերաբերյալ Մարտիրոսյանը հայտնել է, որ բոլոր տեսագրությունները ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին՝ դրանք քննության առարկա դարձնելու պահանջով։

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել են 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու կասկածանքով։

Հետագայում իրականացվել են խուզարկություններ, և մարտի 31-ին հայտնի է դարձել, որ նրանց նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ։ Միքայել Մինասյանի և Գևորգ Գևորգյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և 5 մլն դրամ գրավ, իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1-ին կալանավորվել է երկու ամսով։

Ապրիլի 3-ին նրան տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ՝ կրթությունը շարունակելու նպատակով, սակայն ավելի ուշ նրա առողջական վիճակը վատացել է, և նա տեղափոխվել է նախ «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։

 Ուշագրավ
---