
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է մինչև ՀՀ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հնարավորությունը։ Ճեպազրույցում նա նշել է, թե չի հասկանում հարցը նման համատեքստում դիտարկելու տրամաբանությունը՝ հավելելով, որ «երբ կլինեն արդյունքներ, բոլորս կտեսնենք», հայտնում է Sputnik Արմենիան:
«Նրանք, ովքեր այս տեսանկյունից են հարց բարձրաձայնում, ուզում են՝ վերադառնա՞ն, թե՞ չվերադառնան։ Թե՞ ուզում են, որ վերադառնան, բայց հետո։ Միշտ էլ ընտրություններից առաջ է... նախորդ խումբն էլ, որ վերադարձավ, էլի ընտրություններից առաջ էր: Ժողովրդավարական երկրում միշտ էլ ընտրություններից առաջ է, քանի որ ընտրությունների հաջորդ օրն արդեն հաջորդ ընտրություններից առաջ է, որովհետև մի քանի ամիս հետո ՏԻՄ ընտրություններ են լինում»,– ասել է նա։
Փաշինյանը կրկին Ադրբեջանի բանտերում պահվող գերիների ու Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մասին խոսելիս օգտագործեց «անազատության մեջ պահվող անձինք» արտահայտությունը՝ նշելով, թե նրանց ազատ արձակման ուղղությամբ ամենօրյա աշխատանք է արվում։
«Երբ կլինեն արդյունքներ, բոլորս կտեսնենք։ Այսպես եմ ասում ոչ թե նրա համար, որ ինչ-որ տեղեկություն ունեմ, որը չեմ ուզում հայտնել, այլ իմ փորձը ցույց է տալիս, որ քանի դեռ որևէ մեկը չի հատել ՀՀ սահմանը, ազդարարել նման հնարավորության մասին առնվազն լուրջ չէ»,– ընդգծել է Փաշինյանը։
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։