
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների այն հարցին, թե ինչու Հայաստանը միջազգային հարթակներում չի բարձրացնում Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների ոչնչացման հարցը, օրինակ է բերել Արծվաշենը:
«Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և ուզում եմ մոդելավորենք այսպիսի իրավիճակ, ասենք՝ այն պահը, երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Եվ մենք գնում, տեսնում ենք, որ այնտեղ մզկիթ է կառուցվել, ասենք՝ 2016 թվականին։ Մեր ռեակցիան ո՞րն է, ի՞նչ պետք է անենք։ Եվ, օրինակ, ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր էդ մզկիթի տարածքի հետ կապված բերում են իրենց սեփականության վկայականները և ասում, թե այս հողը մերն է»,- արձագանքել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը:
Նա նշել է, որ նման հարցերի մասին խոսելիս անհրաժեշտ է դիտարկել ամբողջական համատեքստը։
«Մեր ռեակցիան պետք է հիմնվի այն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արձանագրված և հրապարակված են: Ձեզ ինչի՞ է թվում, թե միայն Հայաստանում լրագրողներ կան, ընդ որում՝ հայրենասեր, որոնք այդ հարցերը բարձրացնում են։ Ադրբեջանում էլ լրագրողներ կան և այդ հարցերը դնում են»,-ասել է Փաշինյանը:
Վերջին շրջանում Ստեփանակերտում մեկը մյուսի հետևից հիմնահատակ ավերվել են երկու եկեղեցիներ՝ Սուրբ Հակոբ եկեղեցին և քաղաքի գլխավոր սրբավայրը՝ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը։
Փաշինյանը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի ավերման մասին ասել է․ «Մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ չեմ կարծում, թե դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկումների առարկա։ Սա մի իրավիճակ է, որը մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»:
Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պաշտոնական դիմում է հղել ԱՄՆ նախագահին, Սենատի և Կոնգրեսի անդամներին, Հռոմի պապին, ինչպես նաև միջազգային և եկեղեցական ազդեցիկ կառույցների ղեկավարներին՝ բարձրացնելով Արցախի տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացման խնդիրը: