
Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվել է Եվրոպական միության աջակցությունը երկրի ժողովրդավարական առաջընթացին, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 476 պատգամավոր, դեմ՝ 47, իսկ 48-ը ձեռնպահ են մնացել, հայտնում է Արմենպրեսը:
Բանաձևն աջակցում է 2026 թվականի հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ ընդգծելով, որ դրանց արդյունքները պետք է ձևավորվեն բացառապես հայ ժողովրդի կամքով։ Փաստաթղթում կարևորություն է տրվել ընտրական գործընթացների անկախությանը, հավասար քարոզչական պայմանների ապահովմանը, մեդիայի բազմակարծությանը և հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանությանը։ Միաժամանակ շեշտվել է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման և ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտությունը։
Փաստաթուղթը նաև ողջունել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացումը և Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և բարեփոխումների իրականացման հարցում։ Դրանում դրական է գնահատվել ԵՄ-Հայաստան նոր ռազմավարական օրակարգը, CEPA-ի կյանքի կոչման առաջընթացը, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը և «Դիմակայունության ու աճի» ծրագրի իրականացումը։
Բանաձևում առանձնահատուկ ընդգծվել է նաև 2026 թվականի մայիսին Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովների անցկացումը՝ դիտարկվելով որպես կարևոր քաղաքական ազդակ Հայաստանի հետ համերաշխության համատեքստում։
Տարածաշրջանային անվտանգության հարցերին անդրադառնալով՝ փաստաթուղթը աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և կոչ արել հասնել համապարփակ համաձայնագրի՝ հիմնված ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա։
Բանաձևը դատապարտել է Ադրբեջանում պահվող հայ գերիների պահումը և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը։
Եվրոպական խորհրդարանը նաև կոչ է արել ընդլայնել ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը Հայաստանին՝ հատկապես էներգետիկ, թվային և տնտեսական դիմակայունության ոլորտներում։ Փաստաթուղթը դրական է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ընդլայնումը։
Բացի այդ, ընդգծվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կարևորությունը՝ սահմանների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից։
Փաստաթուղթը խստորեն դատապարտել է արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտության փորձերը՝ հատկապես ընդգծելով Ռուսաստանի և նրա ազդեցության ցանցերի գործունեությունը, ներառյալ կիբեռհարձակումները և ապատեղեկատվական արշավները։
Այսպիսով, Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը ընդգծել է Հայաստանի ժողովրդավարական ընտրության, ինքնիշխան զարգացման, եվրոպական ուղղության ամրապնդման և արտաքին սպառնալիքներին դիմակայելու կարևորությունը։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: