
Երևանն ու Դելին քննարկում են ռազմական տեխնիկայի համատեղ մշակման հեռանկարները, գրել է The New Indian Express պարբերականը՝ տեղեկություններ հաղորդելով Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի Հնդկաստան կատարած այցի մասին։
«Երևանն ու Դելին քննարկում են ռազմական տեխնիկայի համատեղ մշակման, ռազմավարական գործակցության խորացման և զինված ուժերի արդիականացման հեռանկարները», - ասվում է հրապարակման մեջ, հայտնում է «Ազատությունը»:
Սեփական աղբյուրները վկայակոչելով՝ պարբերականը պնդում է, որ Հայաստանը քննարկում է հնդկական զինատեսակներն իր տարածքում արտադրելու տարբերակները։
«Հնդկաստանի Պաշտպանության միավորված շտաբի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ կողմերը քննարկում են ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը», - գրում է The New Indian Express-ը։
Թերթի պնդմամբ՝ այդ դեպքում հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությունը դուրս է գալու «ավանդական գնորդ-վաճառող տրամաբանությունից դեպի համատեղ մշակում և տեղական արտադրության կազմակերպում»։
«Հայաստանն ուսումնասիրում է հնդկական արտադրության ՀՕՊ համակարգերն իր տարածքում արտադրելու կամ ինտեգրելու տարբերակները», - գրում է թերթը։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի մարշալ Ամար Պրիտ Սինգհի հետ։
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
Ասրյանը հանդիպել է նաև Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի հետ։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։