8 մայիսի 2026 - 13:02 AMT
Կառավարությունը ՀԷՑ-ի համար $380,000 է առաջարկել․ Կարապետյանների ընտանիքը մերժել է

ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու նպատակով 380,000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշել է, որ համապատասխան փաստաթուղթը արդեն հայտնվել է մի շարք լրատվամիջոցների տրամադրության տակ, հայտնում է Sputnik Արմենիան:

«Սա պետության հերթական վերաբերմունքն է մասնավոր բիզնեսի նկատմամբ։ Սամվել Կարապետյանը բացարձակ խնդիր չունի իր ունեցվածքը պաշտպանելու, սակայն տեսնելով, թե երկիրն ինչ վիճակում է կամ ուր է գնում` այս պահին ՀԷՑ-ի վաճառքի շուրջ բանակցությունների մասին խոսելը, կարծում եմ, ճիշտ չէ»,– ասել է Ղազինյանը։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ են ընդունել առաջարկը, Ղազինյանը հստակ պատասխանել է` ո՛չ։

«Բանական կամ տրամաբանություն ունեցող ո՞ր մարդը կարող է դա ընդունել»,– նշել է նա։

Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել են, որ կառավարությունը Կարապետյանների ընտանիքին առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիների ընթացքում ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։ Փաստացի, եթե սեփականատերը իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 142 մլն դրամ` 380 000 դոլար։

ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարել է` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնացել է ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարել է, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։

Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։