11 մայիսի 2026 - 14:47 AMT
Սարգսյանն առաջարկել է խստացնել թմրանյութերի շրջանառության համար պատիժները մինչև 15 տարվա ազատազրկում

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջարկել է խստացնել թմրանյութերի շրջանառության համար պատիժները մինչև 15 տարվա ազատազրկում:

«Ավելի ենք խստացնում թմրամիջոցների իրացման համար նախատեսած պատիժները»,-ասել է նա՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով իր հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը, հայտնում է Panorama.am-ը:

Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ պատգամավորը նշել է, որ խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված թմրամիջոցների տարածման համար առաջարկվել է սահմանել մինչև 10 տարվա ազատազրկում։

«Առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի՝ թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկում եմ սահմանել մինչև 15 տարվա պատիժ:

Եթե գործող օրենքով Տելեգրամով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, ապա այս նախագծով պատիժը խստացվում է՝ դառնալով 5-10 տարվա պատիժ:

Գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, այս նախագծով խստացվում է՝ դառնալով 8-15 տարվա պատիժ:

Առաջարկում եմ խստացնել նաև ոչ իրացման նպատակով, այսինքն՝ սեփական օգտագործման համար թմրամիջոց աճեցնելը, արտադրելը, ձեռք բերելը կամ պահելը՝ պատիժ-տուգանքը սահմանելով առավելագույնը 10-ապատիկի փոխարեն 20-ապատիկի չափով, ազատազրկման ձևով պատիժը 1 տարվա փոխարեն առաջարկում եմ սահմանել 2 տարի ժամկետով պատիժ:

Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում պատիժ-տուգանքը 10-ապատիկից 30-ապատիկի փոխարեն սահմանել 20-ապատիկից մինչև 40-ապատիկը, ազատազրկման ձևով պատիժը 2 տարվա փոխարեն սահմանել 4 տարվա պատիժ:

Անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում ազատազրկման ձևով պատիժը 2-5 տարվա փոխարեն սահմանել 3-6 տարվա պատիժ»,-նախագիծը ներկայացրել է ՔՊ-ական պատգամավորը։

Նախագծով նաև առաջարկվում է սեփական օգտագործման նպատակով մանր չափերով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, ձեռք բերելու կամ պահելու համար նախատեսված տուգանքը կրկնապատկել՝ 200-400 հազար դրամի փոխարեն սահմանելով 400-800 հազար դրամ։ Իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում առաջարկվել է 400-800 հազար դրամի փոխարեն սահմանել 800 հազարից մինչև 1 մլն 600 հազար դրամ տուգանք։