Թևանյանի աջակիցներն ակցիա են անում դատարանի դիմաց![]() 23 մայիսի 2026 - 15:02 AMT PanARMENIAN.Net - «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կուսակիցներն ու աջակիցները ակցիա են իրականացնում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ քննվում է քաղաքական գործչի խափանման միջոցի հարցը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Թևանյանին, հայտնում է Sputnik Արմենիան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարել էր, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի վերաբերյալ հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե՝ հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու նպատակով։ Թևանյանն ի պատասխան հայտարարել էր, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում պատասխան է տալու իր գործողությունների համար։ Մայիսի 21-ին Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքներով։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն է տվել Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հատկանիշներով։ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |