Միրզոյան․ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարձրացրինք նոր մակարդակի![]() 26 մայիսի 2026 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարձրացրինք նոր մակարդակի, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ հայտարարության ընթացքում՝ անդրադառնալով ստորագրված փաստաթղթերին: «Քիչ առաջ մենք մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն»,-ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն: Նախարարն նաև նշել է, որ կողմերն արդեն ունեն ստորագրված և ստանձնած պարտավորություններ արհեստական բանականության, կիսահաղորդիչների և միջուկային էներգետիկայի ոլորտներում։ «Մենք արդեն ունենք ստորագրած և ստանձնած հանձնառություններ արհեստական բանականության, կիսահաղորդիչների և միջուկային էներգետիկայի վերաբերյալ։ Քիչ առաջ ականատես եղաք, թե ինչպես ստորագրեցինք նոր փաստաթուղթը կրիտիկական հանքանյութերի և, իհարկե, ամենակարևորը՝ հովանոցային պայմանավորվածության վերաբերյալ։ Խնդրում եմ մի փոքր ուսումնասիրել և համեմատել երկու փաստաթղթերը։ Հուսամ՝ կտեսնենք, թե ինչպիսի նոր հնարավորություններով է հարստացված փաստաթուղթը»,-ասել է նա: Միրզոյանի խոսքով՝ այժմ ստորագրմամբ կյանքի կոչվող պայմանավորվածությունները հետագայում գործնական արդյունքներ են ունենալու և նպաստելու են Հայաստանի զարգացմանը։ «Այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք հիմա մենք կյանքի ենք կոչում ստորագրությամբ, և որոնք այնուհետև գործնականում կտեսնենք որպես իրականություն, միանշանակ շահեկան են Հայաստանի համար և աննախադեպ հնարավորություններ են բացելու երկրի համար»,-ասել է նա: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Նախաստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |