ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է, ՈՐ ԱՐԳԵՆՏԻԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՐՆԵԿՅԱՆԻՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՕԳՏԱՎԵՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Մի քանի տարի անց Երեւանի միջազգային օդանավակայանը լավագույնը կդառնա տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հանդես գալով Հանրային հեռուստատեսությամբ այսօր կազմակերպված Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես հեռուստակամրջում: Նրա խոսքերով` դա հնարավոր կդառնա «Զվարթնոց» օդանավակայանը արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանին հավատարմագրային կառավարման հանձնելու շնորհիվ: Նախագահի խոսքերով` օդանավակայանի արդիականացումը կմեղմացնի շրջափակման ծանր հետեւանքները եւ դրականորեն կանդրադառնա տնտեսության զարգացման վրա: Ռոբերտ Քոչարյանը հաստատեց, որ օդանավակայանի փոխանցման գործընթացը գտնվում է ավարտական փուլում եւ բարենպաստ կավարտվի մոտ ժամանակներս: Հիշեցնենք, որ մինչ այդ հայտնի էր դարձել, որ գործարքի վերջնական ձեւակերպումը, որը նախատեսված էր մայիսի 18-ին, հետաձգվել էր տասը օրով: Նշենք, որ որոշ տվյալներով, Էդուարդո Էրնեկյանը հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ «Հայկական ավիաուղիներ» ընկերության սեփականաշնորհման հանդեպ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---