Կարապետյան․ Եթե գտնենք, որ ԱԺ-ով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, կգնանք խորհրդարան![]() 12 հունիսի 2026 - 16:31 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի, եթե գնահատի, որ այդ տարբերակով հնարավոր կլինի ավելի արագ հասնել իշխանափոխության։ Այդ մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան։ Եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ուրեմն կգնանք այդ ճանապարհով»,- ասել է Սամվել Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Նա պնդել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել ընտրություններում։ Կարապետյանը նաև նշել է, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վստահ է իր հաղթանակի հարցում, ապա ընտրությունների արդյունքների լեգիտիմությունն ամրապնդելու համար պետք է համաձայնի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու առաջարկին։ «Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որ երկիրը զարգանա»,- հայտարարել է նա։ Դաշինքի առաջնորդի գնահատմամբ՝ երկրորդ փուլն ավելի պարզ և հստակ պատկեր կստեղծի, քանի որ, նրա խոսքով, ձայների բաշխման վրա ազդող փոքր քաղաքական ուժերը չեն մասնակցի գործընթացին։ Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։ «Դիմելու ենք 2 պահանջով՝ չեղարկել ընտրությունների արդյունքները, նշանակել նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ»,- ասել է Կարապետյանը։ Նրա խոսքով՝ վերջնական որոշողը ժողովուրդն է, և եթե քաղաքացիները համակերպվեն ընտրությունների արդյունքների հետ, ապա իր քաղաքական ուժը կընդունի այդ իրողությունը։ Միաժամանակ նա նշել է, որ հասարակությունը դեռևս մտածում է հետագա քայլերի շուրջ, քանի որ նման որոշումների համար ժամանակ է անհրաժեշտ։ «Այս ընտրություններում հաղթել են ամերիկացիք, ադրբեջանցիք, թուրքերը, եվրոպացիք, ռուսները, պարտվել է հայ ժողովուրդը։ Բոլորն են հաղթել, բացի մեր ժողովրդից»,- հայտարարել է նա։ Նրա գնահատմամբ՝ ընտրական գործընթացը ուղեկցվել է խախտումներով, ճնշումներով և ահաբեկման մթնոլորտով, ինչի հետևանքով ընտրությունները չի համարել լիարժեք և ազատ անցկացված, հայտնում է Panorama.am-ը: «Տեռորի տակ ընտրություններ չեն անցկացվում, մեր շրջանային բոլոր համակարգողները կալանավորված են։ 780 մարդ ձերբակալվել է»,- ասել է նա։ Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։ Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունը նվազել է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |