Կոչուբաև․ Իմ նկատմամբ կալանքը եղել է քաղաքական մոտիվներով

Կոչուբաև․ Իմ նկատմամբ կալանքը եղել է քաղաքական մոտիվներով

PanARMENIAN.Net - Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել է, որ ձերբակալությունն ու կալանքը եղել են քաղաքական շարժառիթներով: Նա հայտնել է, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը երկու շաբաթվա ընթացքում պետք է որոշում կայացնի իր նկատմամբ կիրառվելիք պատժի վերաբերյալ, հայտնում է Sputnik Արմենիան:

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Կոչուբաևի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացրել։

«Առաջիկայում լսումներ կլինեն, որ քննարկվեն պատժի հետ կապված հարցերը, այդ թվում՝ պատիժը ռեալ կրելու, պատիժը պայմանականորեն չկիրառելու, հնարավոր փորձաշրջանի, և նմանատիպ այլ հարցեր»,–ասել է Կոչուբաևը։

Նրա խոսքով՝ ինքը հակված չէ բողոքարկելու դատարանի որոշումը, քանի որ համոզված է, որ քրեական գործն ի սկզբանե ֆարս է եղել իր դեմ:

«Մեր գոնե վերջին 8 տարվա խրոնիկոնը ցույց է տալիս, որ նմանատիպ գործերն ունենում են այս բնույթի ավարտ, և վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնելն ընդամենը կլեգիտիմիացի այն։ Ինչի՞ եմ հակված՝ թողնել, որպեսզի այս դատական ակտը ստանա օրինական ուժ, քանի որ սա հերթական ամոթի նշանն է այս իշխանությունների վզին, որովհետև այս դատական ակտը մտնելու է Հայաստանի վերաբերյալ միջազգային իրավական զեկույցներում, և հավատացնում եմ ձեզ, սա պայքարի ձև է այս իշխանությունների ապօրինությունների դեմ։ Սակայն իմ փաստաբանական խումբը այն կարծիքին է, որ պետք է բողոքարկել դատավճիռը՝ առնվազն Եվրոպական դատարան հասնելու համար, որովհետև մեզ խանգարում է այն հանգամանքը, որ մենք պետք է սպառենք Հայաստանի բոլոր ներպետական ատյանները»,–ասել է Կոչուբաևը։

Նա ընդգծել է, որ այդ հարցերի վերաբերյալ վերջնական դիրքորոշումը կհստակեցվի դատավճռից հետո՝ արդյոք այն կբողոքարկվի, թե ոչ։ Կոչուբաևի խոսքով՝ առավել խիստ պատիժը կարող է կազմել 5 տարվա ազատազրկում։

«Փաստացի շատ հստակ կուզեմ արձանագրել, որ այդ 5 տարվա ազատազրկումը ֆեյսբուքյան գրառման համար է, դավանանքի ազատության համար է, եկեղեցու շահերը պաշտպանելու համար է և փաստաբան լինելու համար է։ Այսինքն՝ ես հանցագործ չեմ, ես չեմ արել որևէ մի բան, որը արժանի է քրեաիրավական գնահատականի»,–ասաց նա։

Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի և քննիչի մասնագիտական գործունեության հետ կապված նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։

Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի հոկտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած հրապարակմամբ նա, անդրադառնալով Մկրտիչ Սրբազանի կալանավորմանը վերաբերող քրեական վարույթին, քննիչների, հսկող դատախազի և կալանավորման որոշում կայացրած դատավորի վերաբերյալ օգտագործել է արտահայտություններ, որոնք, մեղադրող կողմի գնահատմամբ, արատավորել են նրանց պատիվն ու արժանապատվությունը և վնաս են պատճառել նրանց իրավունքներին ու օրինական շահերին։

Հոկտեմբերի 16-ին իրավապահները Կոչուբաևին բերման են ենթարկել Շենգավիթի դատարանից։ Հոկտեմբերի 17-ին նա կալանավորվել է երկու ամսով։ Ավելի ուշ, երբ ծննդաբերությունից հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը վատացել է, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է բացակայելու արգելքով, որն էլ դեկտեմբերի 12-ին վերացվել է։

 Ուշագրավ
---