ՀԱԿ-ը կոչ է անում վիճարկել ՍԴ-ում ընտրական իրավունքի սահմանափակումը![]() 6 հուլիսի 2026 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը կոչ է արել Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին անհետաձգելիորեն դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այդ մասին ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։ Հուլիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել են Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերը։ Դրանցով սահմանվել է, որ ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում 183 օր Հայաստանում չգտնված քաղաքացին չի կարող մասնակցել ընտրական գործընթացներին։ Նշվում է նաև, որ Հայաստանի պետականության, սահմանադրական կարգի և ժողովրդավարության պաշտպանությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել հասարակական-քաղաքական դիմադրության լայն ճակատ, որը կկարողանա օրինական և սահմանադրական ճանապարհով կասեցնել պետական ինստիտուտների քայքայման գործընթացը։ Հակառակ պարագայում, գործող ռեժիմը շարունակելու է իր աղետաբեր քաղաքականությունը՝ խորացնելով ՀՀ ներքին ճգնաժամը և թուլացնելով նրա պետական դիմադրողականությունը։ «Սահմանադրության 48-րդ հոդվածը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքը՝ որպես հիմնարար քաղաքական իրավունք։ Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածը ոչ միայն իմպերատիվ ամրագրում է, որ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք, այլև նույն հոդվածի 4-րդ մասում սպառիչ կերպով սահմանում է նաև այն անձանց շրջանակը, որոնք այդ իրավունքից զրկված են։ Այդ ցանկում բացակայում է Հայաստանի Հանրապետությունում որոշակի ժամանակահատված բնակվելու կամ փաստացի գտնվելու պահանջը։ Հետևաբար օրենքով ընտրական իրավունքի համար նոր՝ նստակեցության ցենզ սահմանելը, ըստ էության, Սահմանադրությամբ չնախատեսված լրացուցիչ սահմանափակում է»,-նշված է հաղորդագրության մեջ։ ՀԱԿ-ի գնահատմամբ՝ ընտրական իրավունքի իրացման համար օրենքով լրացուցիչ նախապայման սահմանելը դուրս է Սահմանադրությամբ թույլատրելի կարգավորման շրջանակից և խախտում է համընդհանուր ու հավասար ընտրական իրավունքի սահմանադրական սկզբունքները։ «Մեր համոզմամբ, այս փոփոխությունների իրական նպատակը քաղաքական է։ Դրանք կոչված են արհեստականորեն նվազեցնելու հանրաքվեի դրված հարցի ընդունման համար անհրաժեշտ՝ մասնակցության իրավունք ունեցողների մեկ քառորդի կողմ քվեների շեմը, և դրանով իսկ դյուրացնելու Ադրբեջանի կողմից առաջ քաշվող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության պահանջի կատարումը։ Եթե այս փոփոխությունները Սահմանադրական դատարանի կողմից չճանաչվեն հակասահմանադրական, ապա ապագայում բոլոր հանրաքվեները և համապետական ընտրությունները կանցկացվեն հակասահմանադրական իրավական հիմքի վրա, իսկ դրանց արդյունքում ձևավորվող իշխանությունների լեգիտիմությունը մշտապես կդրվի կասկածի տակ՝ ստեղծելով շարունակական սահմանադրական ճգնաժամ»,-ասվում է հայտարարության մեջ: Ըստ իշխանության, հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով մեծ թվով ՀՀ քաղաքացիներ հատուկ ուղղորդված ժամանել են Հայաստան՝ քվեարկելու։ Մինչդեռ, ըստ ԱԱԾ տվյալների, որոնք ներկայացվել են ՍԴ, մայիս–հունիս ամիսներին Հայաստան ժամանածների և մեկնածների տարբերությունը կազմել է ընդամենը 2000–3000 մարդ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |