Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ի առավոտյան՝ ժամը 9:00-ից, խուզարկություն է իրականացվել «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ քննչական գործողությունը կապվում է խմբագրի որդու՝ Կարեն Լազարյանի, և «Միասնության թևեր» կուսակցության միջև եղած առնչությունների հետ, ասվում է թերթի կայքում:

Կարեն Լազարյանը տվյալ քաղաքական ուժից առաջադրվել էր որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու։

«Սյունյաց երկիրը» հայտնել է, որ մոտ մեկ ժամ տևած որոնողական գործողություններից հետո խուզարկություն իրականացրած անձինք հեռացել են Սամվել Ալեքսանյանի բնակարանից։ Ըստ հրապարակման՝ «Հայտնաբերվել» է Կարեն Լազարյանի տիկնոջ պարտքերի ցուցակը՝ գորիսյան մեկ-երկու խանութի, որտեղից նա երեխաների համար ինչ-ինչ պարագաներ էր ձեռք բերել, բայց չէր հասցրել վճարել ու մնացել էր պարտք։

«Հայտնաբերվել» են նաև Կարեն Լազարյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու լինելու վկայականը, ինչպես և «Միասնության թևեր» կուսակցության գովազդային բուկլետ։

«Կարեն Լազարյանի հանդեպ մեկուկես տարի առաջ մեկնարկած հետապնդումների սաստկացումը, կարելի է ասել, սպասված էր։ Գլխավոր պատճառը «ՔՊ» կուսակցության ձախողումն էր Գորիսում՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։ Այդ կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին 65-70 տոկոսի հասնող վստահության քվե, որը, սակայն, իրականություն չէր դարձել։ Հիմա մեղավորներ են փնտրում․․․Օրեր առաջ էլ Գորիսի ոստիկանապետն էր հանձնարարություն ստացել՝ Կարեն Լազարյանի դեմ ինչ-ինչ գործեր հորինելու։

Վերջինս էլ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ֆեյք տնօրեն Արմինե Կոլյանի հետ «հաղորդում» էր պատրաստել՝ իբր լուծարված Գորիսի պետական քոլեջում թույլ տրված ապօրինությունների մասին, որը ստիպել էին ստորագրել Հրո անունով համայնքային ոստիկանի՝ ինչ-ինչ խոստումների դիմաց։

«Հաղորդմանը» նախորդել էր շանտաժի մեծ գրոհ՝ Կարեն Լազարյանի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով, որը հաջողություն չէր ունեցել։ Ուստի և հորինված «հաղորդումն» էլ գոնե մեկ փաստ չէր պարունակել Կարեն Լազարյանի հակաօրինական գործունեության մասին։ Ընդհակառակը, ի հայտ էին եկել քոլեջի գործող տնօրենի՝ պետական միջոցներից կատարված հափշտակության բազմաթիվ փաստեր, որոնք Գորիսի ոստիկանապետի կողմից պարտակվել են և իրավական ընթացք չեն ստացել»,-ասվում է հրապարակման մեջ:

 Ուշագրավ
---