Քոչարյան․ Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը, չէ՞![]() 10 հուլիսի 2026 - 13:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում դատարանը քննել է նրա անձեռնմխելիության և բացակայելու արգելքի հարցերի շրջանակում ներկայացված միջնորդությունները։ Պաշտպան Արամ Օրբելյանը վկայակոչել է Սահմանադրության համապատասխան հոդվածը, որի համաձայն՝ նախագահն անձեռնմխելի է, և նրա լիազորությունների ավարտից հետո ևս չի կարող ենթարկվել հետապնդման իր կարգավիճակից բխող գործողությունների համար, հայտնում է Aravot.am-ը: «Երեք խնդիր ունենք։ Առաջինը վերաբերում է անմեղության կանխավարկածին։ Չեք կարող մեղավորության վերաբերյալ եզրահանգումներ անել, քանի որ ցանկացած նման եզրահանգում հանգեցնելու է Սահմանադրության խախտման»,- ասել է Օրբելյանը։ Նրա գնահատմամբ՝ եթե դատարանն այս փուլում կիրառի այնպիսի չափանիշ, որով արձանագրի, թե «գործի նյութերից երևում է, որ Քոչարյանն առաջնորդվել է անձնական շահագրգռվածությամբ և դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից», ապա անմեղության կանխավարկածը խաթարվելու է։ Փաստաբանը նշել է. «Պետք չէ քննարկել, թե այդ գործողությունների նկարագիրն ինչպիսին է՝ լավ, թե վատ։ Դրանք ընդհանրապես չպետք է քննարկվեն։ Այն անձնական շահագրգռվածությունը, որը նկարագրվել է, իրականում ՀՀ նախագահի սահմանադրական պարտականությունն է՝ ապահովել սահմանադրական մարմինների բնականոն գործունեությունը»։ Օրբելյանի խոսքով՝ Քոչարյանին վերագրվող բոլոր գործողությունների նկատմամբ գործել է վերջինիս անձեռնմխելիության ռեժիմը։ Նա նաև նշել է, որ պաշտպանական կողմը բարձրացրել է այն հարցը, ըստ որի՝ տվյալ վեճը սահմանադրաիրավական բնույթի է։ «Դատախազությունն ասում է՝ նախագահն ինչ գործողություններ է կատարել և որ իրավունք չուներ կատարել։ Մենք էլ արձանագրում ենք, որ դատախազությունը չունի նման լիազորություն և դրանով իսկ հանցագործություն է կատարում, երբ քրեադատավարական դաշտում գնահատական է տալիս երկրի նախագահի գործողություններին»,- ասել է փաստաբանը։ Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ին Քոչարյանի ընդունած արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմանը՝ Օրբելյանը նշել է. «Դատախազությունը պնդում է, որ Քոչարյանն իր այդ հրամանագրով ապօրինի է սահմանել արտակարգ դրության ռեժիմ։ Սա ամենակենտրոնական դատական խնդիրն է, որի մեջ դատախազությունը իրավունք չուներ մտնելու։ Դատախազությունը գործող, Ազգային ժողովի կողմից չվերացված իրավական ակտը որակում է ապօրինի»: Օրբելյանը հիշեցրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Քոչարյանին ուղղված «սատկացնելու եմ» արտահայտությունը, սակայն դատարանը ընդհատել է նրան՝ նշելով, որ թույլ չի տալու դատական նիստում հիշատակել որևէ պաշտոնյայի քաղաքական հայտարարություն։ «Հեչ քաղաքական չէ, կոնկրետ ինձ է վերաբերում»,- միջամտել է Քոչարյանը։ Ի պատասխան՝ նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը կրկնել է. «Քաղաքական հայտարարություններն արգելում եմ իմ դատական նիստերի դահլիճում հնչեցնել»։ Քոչարյանի պաշտպանն արձագանքել է. «Քաղաքական հայտարարությունները, որոնք հնչել են 2008 թվականին, այս դատարանում նույնպես քննության առարկա չպետք է դառնան»։ Ռոբերտ Քոչարյանը, դիմելով դատարանին, հավելել է. «Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը, չէ՞»։ Անձեռնմխելիության հիմքով Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդեց դադարեցնել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1–ի իրադարձություններին: ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերրտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («Սահմանադրական կարգի տապալում»): 2021 թվականին Սահմանադրական դատարանն այս հոդվածը համարեց Սահմանադրությանը հակասող, և գործը կարճվեց: Սակայն 2023 թվականին գործը վերաբացվեց զրոյից՝ միաժամանակ նոր ընդունված Քրեական օրենսգրքում նոր հոդված ներմուծելով՝ նոր մեղադրանք առաջադրելու համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |