Աշոտյան. ԵՊՀ ղեկավարը քաղաքական շարժառիթներով հեռացրել է Մելիքյանին և էլի շատ դասախոսների

Աշոտյան. ԵՊՀ ղեկավարը քաղաքական շարժառիթներով հեռացրել է Մելիքյանին և էլի շատ դասախոսների

PanARMENIAN.Net - Բուհական համակարգի ներկայիս ճգնաժամն արտացոլված է նաև միջազգային զեկույցներում, ստուգեք V-dem ինստիտուտի index of academic freedom, մասնավորապես` բուհերի քաղաքականացման ցուցանիշը, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հրապարակած ուղերձում:

Նա անդրադարձել է Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած կադրային փոփոխություններին՝ նշելով, որ ԵՊՀ ղեկավարը «քաղաքական շարժառիթներով հեռացրել է աշխատանքից Ռուբեն Մելիքյանին և էլի շատ դասախոսների»:

Աշոտյանը պատմական զուգահեռ է անցկացրել 1307 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ հիշեցնելով, որ Փարիզի համալսարանի աստվածաբանները քաղաքական ճնշումների պայմաններում աջակցել են Ֆիլիպ 4-րդի դիրքորոշմանը տամպլիերների հարցում, թեև հասկանում էին, որ նրանց ներկայացված մեղադրանքները հիմնավորված չեն։ Նրա գնահատմամբ՝ այդ պատմական դրվագը հիշեցրել է իրեն Հայաստանում բուհական ազատությունների շուրջ ստեղծված իրավիճակը։

«Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին, մինչ այդ` Խաչիկ Գալստյանին, Անուշ Սեդրակյանին, Ալեն Ղևոնդյանին և էլի շատուշատ դասախոսների։

Իմ նախարարական պաշտոնավարման ընթացքում ինձ ուղղված քննադատության մի մասը վերաբերում էր բուհերը քաղաքականացնելուն։ Ընդունելով առկա որոշ խնդիրները` պետք է անհամեստաբար ասեմ` մեր իշխանության տարիներին բուհական համակարգն այսօրվա աղաղակող գործընթացների համեմատ լիբերալիզմի օազիս էր` ընդդիմադիր քաղաքական հայացքներով ռեկտորներ (ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից.- Ա.Ա.), կառավարման խորհուրդներում ընդդիմադիր քաղաքական գործիչներ և դասախոսներ, ակադեմիական ազատությունների գրեթե բացառիկ մակարդակ, քաղաքական հիմքով աշխատանքից ազատումներից խուսափում, սրընթաց միջազգայնացում։

Իսկ եթե ինձ մեղադրում էին ուսանողական խորհուրդները քաղաքականացնելու մեջ, ապա հիմա այսօրվա «լիբերալները», այդ թվում` ժամանակին իմ պաշտոնավարման ընթացքում ազատականի համբավ ունեցող տիկին նախարարը և մարտնչող լիբերալ, դեռևս 2002 թ.-ից ինձ ծանոթ, հետո խղճի ազատության առաջամարտիկ ԵՊՀ ներկայիս ռեկտորն իսպառ ոչնչացրել են ուսանողական ինքնակառավարումը որպես համակարգ։

Բուհական ինքնավարությունը վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում նույնպես դարձել է իսիմերա, ուրվական, իսկ ակադեմիական ազատությունների ոտնահարումները տեսանելի են ոչ միայն կադրային` ով դասավանդի, այլև բովանդակային` ինչ դասավանդել հարթություններում, հատկապես` հումանիտար և հայագիտական ոլորտներում։

Բուհական համակարգի ներկայիս ճգնաժամն արտացոլված է նաև միջազգային զեկույցներում (ստուգեք V-dem ինստիտուտի index of academic freedom, մասնավորապես` բուհերի քաղաքականացման ցուցանիշը.- Ա.Ա.)։

Ավելորդ է հիշեցնել, որ հատկապես ԵՊՀ-ն, որի շրջանավարտը լինելու պատիվը չեմ ունեցել, ոչ միայն Երրորդ, այլև Երկրորդ Հանրապետության ժամանակ պահպանել է ոչ միայն ազատ մտքի, այլև մաքուր խղճի տեր մարդկանց արգելոցի դերը։

Մի դեպք էլ հիշեցի։

Իմ պաշտոնավարման ընթացքում քաղաքական հերթական սրացման ժամանակ իմացա, որ բուհերից մեկի ռեկտորն աշխատանքից հեռացրել է ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկին։ Անմիջապես զանգեցի այդ գործչին, ասացի, որ որևէ քաղաքական հրահանգ չկա, և ինքը կվերադառնա իր գործին։ Իմ ու ավելորդ ջանասիրություն ցուցաբերած ռեկտորի հեռախոսազրույցն էլ ավարտվեց գործչի` աշխատանքի վերականգնմամբ։ Անունը չեմ գրում. թե ինքը կցանկանա, թող «բացահայտվի»։

Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով։

Հ.Գ. Տամպլիերների վերջին ղեկավար Ժակ դը Մոլեն, այրվելով խարույկի վրա, իր վերջին հանրահայտ անեծքում չհիշատակեց իր և իր ընկերների մահապատժի մեջ մեղավոր Փարիզյան համալսարանականներին. կա՛մ խնայեց, կա՛մ մոռացավ, կա՛մ չմանրացավ։

Իսկ այս արյունոտ պատմության մեջ Փարիզի համալսարանի բարի համբավը, որպես լույսի և խղճի ճրագ, փրկեց այդպես էլ անանուն մնացած աստվածաբանը, ում «Տամպլիերների ողբը» բաց նամակը` ի պաշտպանություն հանիրավի հետապնդվող ասպետների, 1308 թվականի փետրվարին դարձավ Ֆրանսիայի թոփ թեման։»,-գրել է նա:

 Ուշագրավ
---