3 հուլիսի 2009 - 14:17 AMT
Երեւանը գործնական քայլեր է ակնկալում Անկարայից հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
Պաշտոնական Երեւանը գործնական քայլեր է ակնկալում Անկարայից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվածության են հասել առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու վերաբերյալ: Եթե Անկարան պատրաստ է իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք կարող ենք միայն ողջունել դա եւ գործնական քայլեր ակնկալել նրանից այդ ուղղությամբ»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Ըստ Է.Նալբանդյանի, Երեւանի ու Անկարայի միջեւ ոչ միայն երկխոսություն է ընթանում, այլ կողմերը նաեւ լուրջ բանակցություններ են վարում, որոնց նոր փուլը սկսվել է 2008թ. սեպտեմբերին:

«Նախկինում Թուրքիան նախապայմաններ էր ներկայացնում հարաբերությունների հաստատման ու սահմանի բացման համար: Այդ նախապայմանները կապված էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ»,-հիշեցրել է ՀՀ ԱԳ նախարարը` հավելելով, որ բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են եկել` կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների: