Սպիտակ տունը հրապարակել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահները` Ֆրանսիան, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն հաստատում են իրենց հաստատակամությունը` շարունակել աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հարցում:



Սպիտակ տունը հրապարակել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքները` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախօրեին արված հայտարարության հիման վրա: «Մենք հանձնարարում ենք միջնորդներին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007 մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը: Մենք կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կարգավորել մնացած տարաձայնությունները եւ վերջնական համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի ԱԳ նախարարները ներկայացրել են հիմնարար սկզբունքների նախնական տարբերակը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին 2007թ. նոյեմբերին: Հիմնարար սկզբունքները հիմնված են խելամիտ փոխզիջման վրա ըստ Հելսինկյան եզրափակիչ ակտի` այն է, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովրդների հավասարության եւ ինքնորոշման սկզբունքների վրա:



Հիմնարար սկզբունքները պահանջում են, մասնավորապես, Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնել Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքները, անցումային կարգավիճակ տալ Լեռնային Ղարաբաղին, ապահովել անվտանգության երաշխիքներն ու տեղական ինքնակառավարումը, միջանցք բացել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ, ապագայում որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պարտադիր իրավական հանրաքվեի հիման վրա, հարգել ներքին տեղահանվածների ու փախստականների նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունքը, անվտանգության միջազգային երաշխիքներ տրամադրել, որոնք կներառեն խաղաղության պահպանման գործողություններ: Այս սկզբունքների հավանությունը Հայաստանում ու Ադրբեջանում թույլ կտա մշակել համապարփակ կարգավորում, ապագայում ապահովելու համար Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---